Մենք չենք ասում պիտի արյունահեղություն լինի, ցիվիլ, ոնց որ կարգն է․ ժողովուրդը պիտի հրաժարականը պահանջի

Գագիկ Ծառուկյան․ Մանրամասներ

Այս խայտառակ պարտությունից հետո ինչ բանակցություն կարող ա լինի, հիմա ո՞նց կարող է Փաշինյանը Ալիևի հետ նստի, ի՞նչ բանակցեն․ խայտառակ պարտություն, էդքան զոհ, անտուն մարդիկ, ավերվածություններ, սրանից հետո ինչ բանակցեն։

Այս մասին «Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում ասել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը։

«Դա անհնար է, պետք է մի վայրկյան առաջ հրաժարական տար, ամեն վայրկյանն աշխատում է ի վնաս մեզ»,-ասել է նա։

Դիտարկմանը՝ ինչ են անելու, եթե Փաշինյանը հրաժարական չտա, քանի որ նա արդեն 6 ամսվա ծրագիր է ներկայացրել, Գագիկ Ծառուկյանն ասել է․ «Որոշողը ժողովուրդն է, ժողովուրդը ոնց ընտրել է, այնպես էլ պիտի հրաժարականը պահանջի։ Մենք չենք ասում պիտի արյունահեղություն լինի, ցիվիլ, ոնց որ կարգն է․ ժողովուրդն է՞ ընտրել, ժողովուրդն էլ պետք է իրա հրաժարականը պահանջի»,-ասել է նա՝ նշելով, որ հակառակ դեպքում այս վիճակում տնտեսությունը, պետությունը, ժողովրդի խնդիրները լուծելու համար որևէ դրական քայլ անել հնարավոր չի լինելու։

«Ցանկանալը ուրիշ բան է, աթոռին կառչած լինելը ուրիշ։ Դա կարա կարճ տևի, 10 օր, մի ամիս, ամիսուկես․ պետք է իրականությունը նայես, ծրագիրդ նայես, պաշարը նայես, քո զարգացումը նայես, ինչի՞ հիման վրա, ոչ մի հիմք չկա»․-ասել է նա։