Ռուս սահմանապահները հավելյալ ուժեր կտեղակայեն Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանին

Նոյեմբերի 22-ին ուժերը կտեղակայվեն պատասխանատվության հատվածներում և կսկսեն առաջադրանքների իրականացումը

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) սահմանապահները հավելյալ ուժեր են տեղակայելու Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանին: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ՌԴ նախագահի անցկացրած խորհրդակցության ժամանակ հայտնել է ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը:

«Հայաստանի Հանրապետության սահմանային անվտանգության ապահովման, Լեռնային Ղարաբաղում խաղաղության ապահովման նպատակով ընդունված որոշման համաձայն և հայկական կողմի խնդրանքով ԱԴԾ սահմանապահների վարչությանը Հայաստանի Հանրապետությունում հատկացվել են հավելյալ պահեստային ուժեր՝ 188 զինծառայողներից կազմված անձնակազմ և անհրաժեշտ քանակությամբ տեխնիկա: Սահմանապահները հավելյալ ուժեր կտեղակայեն Հայաստանի և Ադրբեջանի սահմանին և Տեղ ու Սիրգիտ բնակավայրերում կազմակերպված դիտակետերում»,- հայտնել է ԱԴԾ ղեկավարը:

Բորտնիկովն ընդգծել է նաև, որ ադրբեջանական կողմը տեղեկացվել է այս մասին, կազմակերպվել է անհրաժեշտ համագործակցությունը:

ԱԴԾ ղեկավարը հայտնել է նաև, որ նոյեմբերի 18-20-ը ԱԴԾ ացիացիայի և ՌԴ ՊՆ ղեկավարմամբ իրականացվում է պահեստային ուժերի տեղափոխում Հայաստան: Նոյեմբերի 22-ին ուժերը կտեղակայվեն պատասխանատվության հատվածներում և կսկսեն առաջադրանքների իրականացումը: