Փաշինյանն իր մեջ հեռանալու մասին որոշում է կայացրել. Արթուր Վանեցյան

Սակայն հիմա նա փորձում է հնարավորինս երկար մնալ իշխանությունում, որպեսզի անվտանգության երաշխիքներ ստեղծի իր համար

Հայաստանի ընդդիմությունը մտադիր չէ դադարեցնել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջը: Բողոքի ցույցերը շարունակվում են նոյեմբերի 10-ից, երբ նա, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայնեցրին  Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման պլանը:

«Փաշինյանը պետք է հեռանա: Մի մարդ, ով փաստացի կապիտուլացիայի ակտ ստորագրեց, իրավունք չունի շարունակել վարչապետ մնալ, ղեկավարել երկիրը»,- ՌԲԿ-ին տված հարցազրույցում ասել է բողոքի ցույցերի առաջնորդներից մեկը` Արթուր Վանեցյանը:

«Հայրենիք» կուսակցության առաջնորդ Վանեցյանը 2018-ի մայիսին Փաշինյանի` իշխանության գալուց հետո նշանակվեց Ազգային անվտանգության ծառայության պետ, սակայն մեկ տարի անց հրաժարական տվեց: Նա դա բացատրեց տարաձայնություններով երկրի ղեկավարության հետ: Ըստ Վանեցյանի` վարչապետը խախտել է առանց ժողովրդի հետ խորհրդակցելո Ղարաբաղի վերաբերյալ որոշումներ չկայացնելու իր խոստումները` ինքնուրույն դա անելով: Փաշինյանը չպետք է պատասխանատվություն կրի երկրի հետագա քաղաքականության համար, վստահ է ԱԱԾ-ի նախկին ղեկավարը, ուստի ճնշումը նրա վրա չի թուլանա:

«Փաշինյանի վրա քաղաքական ճնշման բազմաթիվ մեթոդներ կան` բողոքի ցույցերից սկսած մինչեւ ճնշումը խորհրդարանում: Կարծում եմ` նա հասկանում է, որ պետք է հեռանա: Ես խորապես համոզված եմ, որ նա իր համար նման որոշում կայացրել է: Սակայն հիմա նա փորձում է հնարավորինս երկար մնալ իշխանությունում, որպեսզի անվտանգության երաշխիքներ ստեղծի իր համար»,- ՌԲԿ-ին ասել է Վանեցյանը: Այս պայմաններում ընդդիմությունն անհրաժեշտ է համարում վարչապետի հրաժարականը, ազգային համաձայնության կառավարության ստեղծումը եւ դրանից հետո արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը:

Մոտ ապագայում, խոստացավ Վանեցյանը, ընդդիմությունը կներկայացնի վարչապետի իր թեկնածուին. «Իսկ թե ո՞վ կլինի վարչապետը, ամենաինտրիգացնող հարցն է: Ընդդիմությունը մի քանի մարդ ունի, ովքեր ունակ են ղեկավարել երկիրը, եւ ընտրությունը կկատարվի այդ մարդկանց մեջ: Մենք մեր ժողովրդին եւ քաղաքական ուժերին կներկայացնենք ընդդիմության մի քանի թեկնածու, ովքեր կկարողանան պատասխանատվություն ստանձնել Հայաստանի եւ Արցախի համար այս դժվարին շրջանում եւ ղեկավարել երկիրը»:

Հարցին` պատրա՞ստ է արդյոք ինքն անձամբ առաջադրվել վարչապետի պաշտոնում, Վանեցյանը չպատասխանեց, չնայած եւ չբացառեց այդ տարբերակը. «Ես պատրաստ եմ գալ իշխանություն, կարող եմ լինել կամ չլինել իշխանություն, բայց պատրաստ եմ, պատավոր եմ եւ պետք է անեմ ամեն ինչ` մեր երկրում իրավիճակն ինչ-որ կերպ բարելավելու համար»: