Ալիևը 20 րոպե ժամանակ է խնդրել Պուտինից. Պուտինը չի տվել

Էրդողանը պլանավորել էր, որ Արցախում պետք է տեղակայվեին նաև թուրք զինվորներ, ինչը նախատեսված չէ այս հայտարարությամբ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը ստորագրել է առանց Էրդողանի թույլատվությունը հարցնելու: Այս մասին տելեգրամյան իր էջում գրում է @wargonzo նախագիծը:

Ստամբուլյան աղբյուրի տեղեկություններով, ստորագրումից առաջ Ալիևը 20 րոպե ժամանակ է խնդրել Պուտինից հարցն Էրդողանի հետ համաձայնեցնելու համար: Հատկապես քննարկման առարկա է եղել Արցախ ռուս խաղաղապահների մուտքը: Սակայն ՌԴ նախագահը նման հնարավորություն չի տվել Ալիևին:

Բնականաբար, այս փաստը լուրը լարվածություն է մտցրել Անկարայի ու Բաքվի հարաբերություններում, քանի որ Էրդողանը չէր պլանավորել տարածաշրջանը տալ Ռուսաստանի ԶՈւ-ի վերահսկողությանը:

Էրդողանը պլանավորել էր, որ Արցախում պետք է տեղակայվեին նաև թուրք զինվորներ, ինչը նախատեսված չէ այս հայտարարությամբ:

Ադրբեջան թուրք զինվորներ ուղարկելու մասին թուրքական խորհրդարանի որոշումը պայմանավորված է հենց վերոնշյալ հանգամանքով: Էրդողանը փորձում է արագ վերադարձնել աշխարհաքաղաքական միավորները, որոնք Ալիևը տվել է Պուտինին:

Բաց է մնում հարցը, որը վերաբերում է տարածաշրջանում թուրքամետ ահաբեկիչներին: Տեղեկություններ կան, որ Իրանն ու Ռուսաստանը պահանջել են արագ հեռացնել նրանց տարածաշրջանից: Ալիևն ասել է, որ կանի դա, սակայն Էրդողանը դիմադրում է: Նա ահաբեկիչների մասով սեփական պլաններն ունի, ինչի մասին կհայտնվի ավելի ուշ: