Մովսես Հակոբյանի արտահայտած մտքերի մեջ կան ծանր հանցագործության, պետական դավաճանության տարրեր. Վանեցյան

Վանեցյանի խոսքով` եթե Փաշինյանի արարքների մեջ կհայտնաբերվեն հանցագործության տարրեր, հանցակազմ, ապա ԱԱԾ-ն, դատախազությունը, քնրական մարմիները պարտավոր են իրականացնել համապատասխան միջոցառումներ և պատժի ենթարկել Նիկոլ Փաշինյանին

Գեներալ-գնդապետ, Հայաստանի պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանի գնահատականները պետք է լուրջ քննության առարկա դառնան: Այս մասին այսօր` նոյեմբերի 19-ին, 5-րդ ալիք ՀԸ-ը տված հարցազրույցում ասել է ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:

«Իմ խորին համոզմամբ, Մովսես Հակոբյանի արտահայտած մտքերի մեջ կան հստակ հանցագործության տարրեր,  ծանր հանցագործության, պետական դավաճանության անգամ: Եւ ես հուսով եմ, որ մեր իրավապահ համակարգը քննությունը կտանի ոչ թե սուտ մատնության, կամ ինչ-որ գաղտնիք բացահայտելու համար պատասխանատվության ենթարկելու, այլ քննություն կտանի Մովսես Հակոբյանի հայտնած տվյալները օբյեկտիվ ստուգելու, գնահատական տալու եւ մեղավորներին պատժելու: Եթե դա նրանք այսօր չանեն, նրանք դառնալու են Նիկոլ Փաշինյանի դավաճանական ծրագրի իրականացման մասնակիցներ»,-ասաց նա:

Վանեցյանի խոսքով` եթե ստացվող տվյալների համակցությունը կբերի նրան, որ Նիկոլ Փաշինյանի արարքների մեջ կհայտնաբերվեն հանցագործության տարրեր, հանցակազմ, ապա ԱԱԾ-ն, դատախազությունը, քնրական մարմիները պարտավոր են իրականացնել համապատասխան միջոցառումներ եւ պատժի ենթարկել Նիկոլ Փաշինյանին: