Վիտալի Բալասանյանը Փաշինյանի հետ հանդիպմանը խոստացել է պաշտպանել Շուշին, պայմանավորվել են, բայց նրան թույլ չեն տվել դա անել․ Վանեցյան

Արցախում ասեցին, որ նման ցուցում մենք չենք ստացել։ Հարց է առաջանում՝ ինչո՞ւ չթույլատրեցին Բալասանյանին՝ իրականացնել Շուշիի պաշտպանությունը

«Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը 5-րդ ալիքի «Հարցազրույց» հաղորդաշարի եթերում հայտարարել է, որ պատերազմի օրերին Արցախի հերոս, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման ընթացքում Բալասանյանը խոստացել է իրականացնել Շուշիի պաշտպանությունը, ինչին Փաշինյանը համաձայնվել է։

«Հոկտեմբերի 25-ին կամ 26-ին Արցախի հերոս, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանը Երևանում հանդիպել էր Փաշինյանի հետ, այդ հանդիպումը բոլորի համար տարօրինակ էր, որովհետև Բալասանյանը այն անձանցից է, որը շատ խիստ քննադատում է Նիկոլ Փաշինյանին»,-ասել է Վանեցյանը։

Նա նշել է, որ հենց այդ հանդիպումից հետո Վիտալի Բալասանյանը հանդես եկավ մարտակոչով՝ զինակից ընկերներին կոչ անելով գալ Արցախ ու միանալ պայքարին։

Վանեցյանը Բալասանյան-Փաշինյան հանդիպման մասին մանրամասներ է ներկայացրել։

«Վիտալի Բալասանյանը Փաշինյանին հարցրել է՝ որն է ամենածանր ուղղությունը, որն ունենք ռազմաճակատում, Փաշինյանը ասել է՝ Շուշին։ Բալասանյանն ասել է՝ հանձնարարեք ինձ Շուշիի պաշտպանությունը և, եթե ես չհաջողեմ, դա առիթ է, որ  հրապարակային ասեք՝ Վիտալի Բալասանյանը չկարողացավ  իրականացնել Շուշիի պաշտպանությունը, Շուշին ընկավ, կհռչակեք ինձ դավաճան, Փաշինյանը համաձայնվել է և Բալասանյանին ասել է՝ գնացեք և անցել Շուշիի պաշտպանությանը»,-նշել է նա։

Նա, սակայն, ընդգծել է, որ Արցախում Բալասանյանին թույլ չեն տվել միանալ Շուշիի պաշտպանությանը։

«Բալասանյանը մինչև վերջին օրը այդպես էլ չանցավ Շուշիի պաշտպանությանը, նրան Արցախում ասեցին, որ նման ցուցում մենք չենք ստացել։ Հարց է առաջանում՝ ինչո՞ւ չթույլատրեցին Բալասանյանին՝ իրականացնել Շուշիի պաշտպանությունը»։