Տիկին Նազարյան, կարգի հրավիրեք պատգամավորին. Գաբրիել Բալայանը՝ Արման Բաբաջանյանի մասին

Վիճաբանություն Ազգային Ժողովում՝ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի և Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանի միջև

Ազգային ժողովի արտահերթ նիստի ժամանակ այսօր վիճաբանություն տեղի ունեցավ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի եւ Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանի միջեւ։

Նախ պատգամավորը ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ պաշտպանական գերատեսչության գործող կազմը, որն ըստ նրա՝ ամենամեծ մեղսակցությունն ունի տեղի ունեցածում, չի կարող ձեռնամուխ լինել նախօրեին վարչապետի կողմից հրապարակված ԶՈՒ-երի բարեփոխումների ծրագրի հաստատմանը։ Արման Բաբաջանյանը հայտարարեց, թե իրենք՝ որպես խորհրդարանականներ պետք է հետամուտ լինեն, որպեսզի պաշտպանական, արտաքին քաղաքական, գերատեսչությունները եւ անվտանգության խորհուրդը եւ իհարկե, այլ գերատեսչություններ ժամ առաջ խիզախություն ունենան եւ թույլ տան, որպեսզի նոր եւ պրոֆեսիոնալ մարդիկ նվիրվեն առողջ աշխատանքին։

«Չեն կարող կլանային, կոռուպցիոն, մաֆիոզ կապերով կաշկանդված պետական կարեւորագույն պաշտոններ զբաղեցնող մարդիկ զբաղվեն այս աշխատանքներով»,- ընդգծեց նա։

Ի պատասխան Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը կոչ արեց պատգամավորին մնալ էթիկայի սահմաններում։

«Եթե իրավաբանական այդքան գիտելիք չունեք, ապա ես Ձեզ խոստանում եմ օժանդակել, հանցագործության մասին հաղորդում ներկայացրեք իրավապահներին, կոնկրետ անձանց մեղադրանքներ ներկայացնելով»,- նկատեց նա։

Արման Բաբաջանյանը տեղից արձագանքեց, թե փոխնախարարը չէ, որ իրեն պետք է ասի, թե ինչ անի ինքը։

«Չափներդ ճանաչեք»,- ասաց նա ու իրավիճակն ավելի սրվեց։ Փոխնախարար Բալայանը ստիպված եղավ դիմել նիստը վարող ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանին, որպեսզի վերջինս կարգի հրավիրի Արման Բաբաջանյանին։