Ես խնդրեցի Աննա Հակոբյանին դուրս գալ հրամանատարական կետից, որտեղ նա դիտում էր մարտերը․ Մովսես Հակոբյան

Մովսես Հակոբյանը ցույց տվեց իր նամակները՝ ուղղված վարչապետին, որոնցում նա խնդրել է իրեն ուղարկել Արցախ, քանի որ անհանգիստ է, և իր սիրտը չի դիմանում., բայց այդ նամակներն անտեսվել են

Քիչ առաջ իր մամուլի ասուլիսի ընթացքում պատասխանելով «Հրապարակի» հարցին, թե որքանով են ճիշտ այն տեղեկությունները, որ պատերազմի ժամանակ ինքը Աննա Հակոբյանին խնդրել է հրամանատարական կետից դուրս գալ, գեներալ Մովսես Հակոբյանը պատասխանեց, որ հրամանատարական կետում Աննա Հակոբյանը մոնիտորով դիտելիս է եղել ռազմական գործողությունները։

Ինքը մոտեցել է և քաղաքավարի խնդրել, որ դուրս գա հրամանատարական կետից, քանի որ մոնիտորով միշտ չէ, որ երևում են մեր զինծառայողների հաջողված գրոհները, և թեժ մարտեր են ընթանում, բացի այդ՝ հրամանատարական կետում տղամարդիկ են, որոնք հնարավոր է և պահի ազդեցության տակ հայհոյեն, և լավ կլինի, որ տիկին Աննան դուրս գա,  չլսի այդ հայհոյանքները, զինծառայողներն էլ չկաշկանդվեն։

Աննա Հակոբյանը դուրս է եկել հրամանատարական կետից, այնուհետև Մովսես Հկաոբյանին զանգել և կանչել են Երևան։ Հակոբյանը 4 ժամում հասել է Երևան, և Դավիթ Տոնոյանը նրան ասել է, որ իրեն հրամայվել է` Մովսես Հակոբյանին թույլ չտալ գնալ Արցախ։

Հակոբյանը նաև ցույց տվեց իր նամակները՝ ուղղված վարչապետին, որոնցում նա խնդրել է իրեն ուղարկել Արցախ, քանի որ անհանգիստ է, և իր սիրտը չի դիմանում., բայց այդ նամակներն անտեսվել են։