Պատերազմի օրերին հիմնադրամին հանգանակված գումարների մի մասը փոխանցվել է կառավարությանը. փոխվարչապետը հաստատեց

Իրավիճակ
Live24.am-ը ներկայացնում է

Համահայկական հիմնադրամին նվիրաբերված միջոցների մի մասը դեռ ծախսված չէ, մի մասն էլ նվիրաբերվել կառավարությանը։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 18–ին ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին՝ ծառայել են արդյոք Համահայկական հիմնադրամի միջոցները իրենց նպատակին, և եթե գումարներ են մնացել, արդյոք ուղղվում են պատերազմի հետևանքների վերացմանը։

«Այս իրավիճակում, մասնավորապես, սկզբնական ժամանակահատվածում, մենք ճիշտ համարեցինք կոնսոլիդացնել մեր ջանքերը և ծախսային նախապատվությունները որոշել մեկ կենտրոնում, որպեսզի ծախսերը լինեն արդյունավետ։ Հիմնադրամը մոտ ժամանակներում մանրամասն կներկայացնի ծախսերի ուղղությունները»,– ասաց նա։

Նշենք, որ ավելի վաղ Yerevan.Today–ը գրել էր, որ Հայաստան համահայկական հիմնադրամի կողմից պատերազմի առիթով հանգանակված միլիոնավոր  դոլարների ճակատագիրը անհայտ է մնում: Հիմնադրամի  տնօրեն Հայկակ Արշամյանը որոշել է չհանրայնացնել հանգանակություններով ստացված փոխանցումների մասին  տեղեկատվությունը, կայքում ևս  չկա վերջնական մուտքերի ու ելքերի մասին պաշտոնական տեղեկատվություն:

«Մինչդեռ Yerevan.Today-ին փոխանցված տվյալներով՝ նվիրատվությունների մի զգալի մասը պատերազմի թեժ օրերին ծածուկ պայմանավորվածությամբ՝ փոխանցվել է ՀՀ պետբյուջե և այն վերածվել է սովորական բյուջետային ծախսերի, ըստ որում  հայտնի չէ՝ ի՞նչ ծավալով և կոնկրետ ի՞նչ  նպատակային ծախսի անվան տակ է փոխանցումն արվել:

 Զավեշտն այն է, որ այս սկանդալային ինֆորմացիան նախարարությունը հաստատեց  ի սկզբանե՝ Yerevan.Today-ին՝  դեռևս երկու շաբաթ առաջ:

Ավելին, սկզբում տպավորություն կար, որ նախարար Ատոմ Ջանջուղազյանը հակված էր հայտնել մանրամասներ, բայց ինչ որ պահից՝ ֆիննանսների նախարարը որոշեց լռությամբ ջրից չոր դուրս գալ:

Ընդգծենք, նոյեմբերի 2-ին, երբ հեռախոսով կապ հաստատեցինք հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանի հետ՝ պարզելու՝ ի՞նչ իրավունքով , ու՞մ ցուցումով ու թույլատվությամբ է հիմնադրամի տնօրենը պետբյուջե գումարներ փոխանցել նվիրատվությունների հաշվին, պարոն Արշամյանը վախենալով, որ մեծ աղմուկ կբարձրանա, մի քանի զանգով թախանձագին խնդրեց, որպեսզի հրաժարվենք ինֆորմացիան հրապարակելու մտքից՝ պատճառաբանելով, թե պատերազմ է, դրանով կվնասենք Հիմնադրամի հեղինակությանը: Բայց պետք է խոստովանենք, որ այդ պահից սկսած՝ մեր առջև բոլոր դռները փակվեցին: Ավելին, նա մեզ խոստացավ կանխել  ֆինանսների նախարարի մեկնաբանությունը և իրականում այդպես էլ եղավ….

Նույն օրը՝ նոյեմբերի 2-ից, Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին ուղարկված պաշտոնական հարցումը քնեցվել է միտումնավոր, փոխանցումների ծավալի, ծախսերի վերաբերյալ տեղեկատվությունը նախարարությունը համառորեն չի տրամադրում՝ լրացուցիչ ժամկետներ է նորից ուզել:

16 օր շարունակ նախարարությունից տարբեր պատճառաբանություններ են հնչում: Չնայած մեռ համառ զանգերին՝ այյդպես էլ մութ է մնում՝ ուր են պատերազմի թեժ օրերին  «Մենք ենք, մեր սահմանները» խորագրի տակ աշխարհասփյուռ հայերից հանգանակված դոլարները, որոնք ուղղակիորեն նվիրաբերվել էին Արցախի պատերազմի ռազմական խնդիրների լուծման համար: 169 մլն 693 հազար 946 դոլարի ո՞ր մասն է փոխանցվել պետբյուջե, ինչո՞ւ և թե այդ ի՞նչ ծախսեր են իրականացվել նվիրատվությունների հաշվին, ինչպե՞ ս են լեգալացվել դրանք պաշտոնական փաստաթղթերում, Կառավարությունից վախենում են գաղտնազերծել:

Մենք փորձեցինք Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների հետ կապվել, հասկանալու համար, արդյո՞ք այդ հարցը քննարկվել է։ Հաջողվեց միայն հեռախոսակապով կարճ զրուցել Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի հետ, որը Yerevan.Today-ի հետ զրույցում զարմանք հայտնեց, որ ինքը՝ որպես հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, տեղեկացված չէ Հիմնադրամի ծախսերից կամ պետբյուջե փոխանցումներին.

Հոգաբարձուների խորհրդի նիստ կայացե՞լ է, կա այդպիսի որոշում և ինքն անձամբ տվե՞լ է իր համաձայնությունը այդ փոխանցման գաղափարին, հետաքրքրվեցինք նախագահ Ղուկասյանից։ «Ես անգամ գաղափար չունեմ, թե ինչ փոխանցումների մասին է խոսքը, ինձ այդ մասին տեղյակ չի պահվել»- Yerevan.Today-ին ասաց պարոն Ղուկասյանը:

Հիմնադրամի գործունեության մասին հաջորդ զավեշտալի  ինֆորմացիան է դրվել շրջանառութան մեջ: Խոսվում է, թե բարերարներից ոմանք արդեն իսկ տիրապետում են որոշակի ինֆորմացիայի և վրդովված իրենց նվիրատվոթւյուները  հետ պահանջելու գործընթաց են սկսել»,– գրել էր կայքը: