Դիմում եմ իրավապահ և ուժային կառույցների բոլոր սպաներին, աշխատակիցներին. մի՛ դարձեք կույր գործիք. Ոստիկանության գեներալ-մայոր

Հայտարարություն

ՀՀ վարչապետի (դեռեւս) երեկվա ելույթն ինչ-որ չափով ընկալելի կլիներ, եթե այն հնչեր իր հրաժարականի մասին հայտարարության շրջանակներում: Ընկալելի կլիներ, որ պատասխանատուն ինքն է, որ ամեն ինչ արել է, բայց, ցավոք, չի ստացվել, որ ցանկանում է՝ հանրության համար պարզվի ընդունած որոշման բոլոր հանգամանքները, բայց այս խոսքերը, ձեւակերպումները վերածվում են պարզ բարբաջանքի, քանի որ վարչապետը համոզված է, որ տեղի ունեցածի բոլոր հանգամանքները պարզողն ու հանրությանը ներկայացնողը ինքն է լինելու, որ իր պատասխանատու լինելը որեւէ իրավական հետեւանք չի ունենալու, որ պետք է շարունակի պաշտոնավարել ու շարունակի ձախողման դատապարտված խայտառակ փորձերը:

Այս ելույթը վերջնականապես հաստատեց, որ անտեղի են բոլոր կոչերը՝ համոզելու այս անձնավորությանը կամովին հեռանալու, որպեսզի հնարավորություն ստեղծի միավորվելու նոր անձանց շուրջը, եւ որ տեղի ունենա համազգային համախմբում՝ երկիրն ու պետությունը փրկելու համար: Այլեւս ակնհայտ է, որ դեռեւս վարչապետն ու իր շրջապատն ունեն մեկ գերխնդիր` ամեն գնով պահպանել իշխանությունը, ի հաշիվ երկրի ու պետության շահերի, ու փորձելու են դա կատարել միայն բռնությունների եւ հետապնդումների միջոցով` ստեղծելով համատարած վախի մթնոլորտ:

Այս կապակցությամբ դիմում եմ իրավապահ եւ ուժային կառույցների բոլոր սպաներին, աշխատակիցներին. մի՛ դարձեք կույր գործիք, հասկացե՛ք, որ ձեր վարքը անգամ իշխանամետ չէ, քանի որ ապօրինի հրամաններ կատարելու ձեր գործողությունները ոչ միայն չեն նպաստում իշխանության ուժեղացմանը, այլեւ ատելություն ու զզվանք են սերմանում այդ նույն իշխանության նկատմամբ, որն էլ անխուսափելիորեն կտարածվի Ձեր եւ Ձեր ընտանիքների նկատմամբ:
Հասկացեք, որ հայրենիք ու պետություն կորցնելու վախի առկայությամբ անիմաստ է դառնում աշխատանք կորցնելու վախը, բարեկեցությունը կորցնելու վախը, ազատությունից զրկվելու վախը, որը փորձում եք սփռել Ձեր ստրկամիտ գործողություններով:

Ինչպե՞ս համարձակվեցիք ձերբակալել հայրենիքի փրկության համար երկու զավակնեինն մահվան բերան տարած հայրենիքի նվիրյալ, երեք պատերազմի մասնակից, երջանիկ պատահականությամբ ողջ մնացած Աշոտ Մինասյանին: Չե՞ք հասկանում, որ նա ու նրա նմաններն ազգային արժեք են: Մտածեք Ձեր ընտանիքների եւ զավակների ապագայի մասին:

Եվ վերջում. սիրելի հայրենակիցներ, եթե չեք կողմնորոշվում, թե ով կամ ովքեր պետք է միավորեն հայ ժողովրդին, հարցին մոտեցեք հակառակ ուղղությամբ`բացառման, բացասման սկզբունքով. այն է՝ բացառեք բոլոր այն հին ու նոր գործիչներին, ովքեր կորցրել են հանրային վստահությունը, տակը ով կամ ովքեր կմնան՝ լիովին բավական են համազգային միավորում եւ փրկություն իրականացնելու համար:

Գագիկ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
 Ոստիկանության գեներալ-մայոր
ՀՀ նախկին փոխոստիկանապետ