«Հարգարժան պարոն Դանիելյան, ինչպե՞ս է Ձեր աղջիկ Շուշին, հուսամ լավ է, հարգարժան պարոն Դանիելյան, մենք մի օր Ձեր աղջկա ձեռքը բռնած անպայման գնալու ենք Շուշի, այն Շուշին, որը հանձեց ձեր գերագույն հրամանատարը, այն Շուշին, որի վերաբերյալ Ձեր գերագույն գլխավոր հրամանատարը հայտարարեց՝ պատերազմը կանգնացնելու ցանկացած սցենարների դեպքում Շուշին պետք է հանձնվեր առանց մարտերի»: ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը արտահերթ նիստում իր ելույթն այսպես սկսեց՝ դիմելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանին։
Ըստ պատգամավորի՝ ԱԺ դահլիճում այսօր կարող է քննարկվել միայն մեկ հարց՝ ռազմական դրության չեղարկում, և Նիկոլ Փաշինյանի հրաժարական. «Այլ հարց այս դահլիճում որևէ բարոյական իրավունք չունենք քննարկելու»,- շեշտեց պատգամավորը:
«Մենք հիմա պատմական առաքելություն ունենք այդ խայտառակ կապիտուլացիոն համաձայնագրի ստորագրումից հետո բռնել Նիկոլ Փաշինյանի ձեռքը, քանի դեռ նա չի հասցրել նոր ավերածություններ անել, բռնել նրա ձեռքը, հեռացնել նրան իշխանությունից: Ապա մենք պետք է քննարկենք այստեղ՝ այս դահլիճում, թե ինչպես մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի հետ փորձենք փրկել պայմանագրի տակ տեղադրված այն ականները, որոնք վերաբերում են Հայաստանի անվտանգությանը, Մեղրիին, Հայաստանի տարածքներին և փորձենք ստանալ, փրկել այն, ինչ հնարավոր է փրկել Արցախից»,- ասաց նա:
Նաիրա Զոհրաբյանն ընդգծեց՝ պատմության մեջ չի եղել դեպք, և Նիկոլ Փաշինյանը չի լինելու այն բացառությունը, որ կապիտուլացիա ստորագրած և Հայաստանը թուրքի առաջ ծնկի բերած ղեկավարը մնա:
0Comments