ԱԺ արտահերթ նիստին «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն ԱԺ նիստը վարող փոխխոսնակ Լենա Նազարյանին ասաց, որ իրենք նախաձեռնել էին ստորագրված հայտարարությունը քննարկելու և դրա իրավաչափության հարցով արտահերթ նիստ գումարելու հարց, և հավելեց՝ չեք կարծո՞ւմ, որ ստեղծված իրավիճակում լավ կլիներ, որ նիստ գումարեինք և ստորագրված հայտարարությունը քննարկեինք:
Լենա Նազարյանն էլ արձագանքեց, թե եղել է խորհրդի նիստ, ինքը վարել է այդ նիստը, և քվորում չի եղել, հետևապես այն պատգամավորները, որ ներկա չեն եղել, հարկ չեն համարել այդ հարցը քննարկել:
««Իմ քայլը» էն ժամանակ չի եկել, հիմա եկել են, հիմա կարո՞ղ ենք այդ հարցը քննարկել: Եթե ոչ, Ձեր ասածից դուրս է գալիս, տիկին Նազարյան, որ ձեր պատգամավորները հարկ չեն համարում քննարկել, օրինակ, Մեղրիի վրայով անցնող ճանապարհի հարցը: Օրինակ՝ ասում են՝ այդ ճանապարհը էստակադայի նման է լինելու, և դրա վրա լինելու են Ադրբեջանի և Թուրքիայի դրոշներ, և մեքենաները գնալու են, գալու են, մեր քաղաքացիներն էլ այդտեղով քայլելու են ու նայեն Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշներին և այդ անցնող մեքենաներին: Մի հատ էդ հարցը հասկանայինք, էդ ճանապարհը ե՞րբ է կառուցվելու, ինչո՞ւ է այդ ճանապարհը տրվել: Քննարկեինք, որ այս օրերին մարդկանց գերի են վերցնում և խախտում են հայտարարությունը, արդյո՞ք դա հիմք է տալիս Քարվաճառից դուրս չգալու համար: Նման հարցեր կան, ուզում եք ասել՝ մեր 88 գործընկերները չե՞ն ուզում այս հարցերը քննարկել»,- հակադարձեց Էդմոն Մարուքյանը:
Լենա Նազարյանն էլ շեշտեց, թե բոլորովին նման բան չի ուզում, և որ այդ հարցերն իրենք քննարկում էին, երեկ էլ էին քննարկում, իսկ նրանք բացակա էին: «Ձեր առաջարկած նախագծից պարզ չէր, թե ինչ պետք է քննարկեինք, և այն, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները բացակա էին, ո՛չ անգործություն է, ո՛չ պատահականություն, դա դիրքորոշում է, որովհետև պարզ չէր, թե ինչ էիք ուզում քննարկել, հիմա պարզ է»,- ասաց ԱԺ փոխխոսնակը:
0Comments