Նոյեմբերի 14-ի երեկոյան Քարվաճառի գրեթե բոլոր բնակիչները լքել են իրենց տները. Արցախ

Հեռանալով հայկական Քարվաճառից

Քարվաճառի երկնքում ամենուր դեպի աշնանային երկինք են բարձրանում ծխի շիթեր: Սակայն դա օջախների ծուխ չէ… Բազում տների դարպասներ լայն բացված են: Սակայն դա հյուրընկալության նշան չէ…

Նոյեմբերի 9-ի ուշ երեկոյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է Հայաստանի եւ Արցախի քաղաքացիներին Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ եռակողմ հայտարարության ստորագրման մասին, համաձայն որի՝ 2020 թվականի նոյեմբերի 15-ին Քարվաճառի շրջանն անցնում է Ադրբեջանի հսկողության տակ: Շրջանի բնակիչներին տրվել է հինգ օր տեղափոխման համար: Բոլոր իրերով, ընտանի կենդանիներով, առանց պետությունից որեւէ օգնության:

Ասել, որ բնակիչները ցնցվել են, նշանակում է ոչինչ չասել: Շրջան, որն ունի կարեւորագույն ռազմավարական նշանակություն, շրջան, որի հանձնումը բոլոր նախորդ առաջարկներով հնարավոր էլ միայն ամենավերջում, հանձնվում է առաջինը:

Հինգ կարճ օրվա ընթացքում բնակիչները տեղափոխել են իրենց տներին ամենն, ինչ հնարավոր էր: Շատերն այրում են տները, որտեղ հազիվ թե կարողանան վերադառնել մոտ ապագայում: Այդտեղ մնալը չի նշանակի քաղաքացիության փոխում: Մնալը կնշանակի լավագույն դեպքում գերություն, վատագույն դեպքում՝ մահ: Ինչպես դա տեղի է ունեցել Ղարաբաղի անմեղ մարդկանց հետ, որոնք չէին կարողացել դուրս գալ Հադրութից:

Տեղափոխումը կազմակերպելու հարցում պետությունից օգնություն չստանալով՝ բնակիչները դուրս են գալիս ինչպես կարող են: Ինչ-որ մեկը կարողացել է ճարել բեռնատար, մյուսները տեղափոխվում են հին մարդատար մեքենաներով: Մեքենաների տանիքներին ամրացված են մանկասայլակներ, սեղաններ: Ճանապարհին ամենուր կորցված իրեր են: Ինչ-որ մեկը չի կարողացել տեղ հասցնել կահույքը, եւ հենց մայթեզրին տեղավորել է երկու բազկաթոռ, իսկ քիչ հեռու՝ բազմոց:

Խորը ցավով, զայրույթով եւ զարմանքով ֆիքսում ենք զզվելի երեւույթ՝ դատարկված Քարվաճառում ի հայտ եկած կողոպտիչներին: Հրավիրում ենք իրավապահների ուշադրությունը. դա անթույլատրելի է ցանկացած պարագայում:

Երեկոյան ժամերին ճանապարհին մեծաթիվ մեքենաների պատճառով սարսափելի խցանում է: Մենք կարողացել ենք հաղթահարել Քարվաճառից մինչեւ լեռնային ճանապարհը, իսկ դա ընդամենը մի քանի տասնյակ կիլոմետր է, ինը ժամում: Եւ այդպես, ըստ ականատեսների, եղել է ամեն օր: Կարծում եմ իրավասու իշխանությունների համակարգված աշխատանքի դեպքում այդպես չէր լինի: Անհրաժեշտ է կարգուկանոն սահմանել, առավելեւս, համաձայն որոշ տեղեկությունների, շրջանը դեռեւս որոշ ժամանակ կլինի հայկական ուժերի հսկողության ներքո:

Մեքենաների մեծ հոսք կա ոչ միայն Քարվաճառից, այլ նաեւ դեպի Քարվաճառ: Շատերը մեկնում են հրաժեշտ տալու Դադիվանքին: Մեկնում են երեխաների, ընտանիքների հետ: Կհաջողվի մոմ վառել, եթե նրանք նախապես մոմերն իրենց հետ են վերցրել. եկեղեցում այլեւս մոմ չի մնացել: Չնայած Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի անձամբ հավաստիացման  (այդ մասին ԶԼՄ-ներին հայտնել է Դադիվանքի վանահայր Հովհաննես Հովհաննիսյանը, որն անձամբ մասնակցել է 1993 թվականին Դադիվանքի ազատագրման ժամանակ)՝ վանքը մնում է հայկական ուժերի հսկողության ներքո, ամենաարժեքավոր մասունքները, այդ թվում՝ եզակի խաչքարն ու եկեղեցական զանգերը դուրս են բերվել: Հույս են ներշնչում, որ 1213 թվականի հուշարձանը կպահպանվի, ռուսական խաղաղապահների երեք զրահամեքենաները Դադիվանքի անմիջապես հարեւանությամբ: Երեկ երեկոյան հաղորդագրություն էր տարածվել, որ Դադիվանքն ու Շուշիում Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեչոց եկեղեցին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական պաշտպանության ներքո են: Ճիշտ է, այնուհետեւ ԶԼՄ-ներում եւ սոցցանցերում հայտնված կադրերը, որում երեւում էր, որ պղծել են Սուրբ Ղազանչեցոցը, անհանգստություն են առաջացնում:

Նոյեմբերի 14-ի երեկոյան Քարվաճառի գրեթե բոլոր բնակիչները լքել են իրենց տները: Ինչ-որ մեկը տարել է ծառն այգուց մեկ ուրիշ վայրում տնկելու եւ նոր այգի մշակելու համար: Ինչ-որ մեկը պարզապես նախնիների հողից մի բուռ:

Հ.Գ. վերջերս մամուլի ասուլիսի ժամանակ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը առանձնակի շեշտադրել է Լեռնային Ղարաբաղում էթնո-խոստովանական տեսքը վերականգնելու անհրաժեշտությունը: Լիովին համաձայնելով, որ բոլոր ազգությունների եւ դավանանքի մարդիկ մեր մոլորակում, ըստ էության, հյուրեր են եւ պետք է խաղաղության մեջ ապրեն, ամեն դեպքում հիշեցնենք, որ խաղաղությունն ու համաձայնությունը թշնամանքից եւ պատերազմներից հետո գալիս է նաեւ կատարված հանցագործությունների համար ապաշխարման, մեղավորներին պատժելու եւ ներելու միջոցով: Քանի դեռ բարձրագույն մակարդակում պետության ղեկավարը քարոզում է բռնություն, պարգեւատրում մարդասպաններին, համաձայնության մասին խոսելը շատ բարդ է:

Աղբյուրը՝ news.am