Ռուսական ուղղաթիռներն ուղեկցել են դեպի ԼՂ ուղևորվող խաղաղապահների ավտոշարասյուները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մանրամասներ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Մի-8 և Մի-24 ուղղաթիռներն ուղեկցել են դեպի Լեռնային Ղարաբաղ ուղևորվող խաղաղապահներին տեղափոխող ավտոշարասյունը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը: 

«Ուղղաթիռների օդաչուներն «Էրեբունի» օդանավակայանից դեպի Գորիս և Ստեփանակերտ ուղևորվող խաղաղապահ ուժերի ավտոշարասյուներին ուղեկցելու առաջադրանքներ են իրականացրել»,- նշել են ռազմական գերատեսչությունից:

Հայտնի է, որ հակամարտության գոտում ուղղաթիռները վերհսկում են կրակի դադարեցման ռեժիմը, ինչպես նաև ստուգում են նյութատեխնիակական ունեցվածքի և անձնակազմի տեղափոխման գործընթացը: 

Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտնել էր, որ ռազմական տրանսպորտային ավիացիան 3 օրվա ընթացքում Լեռնային Ղարաբաղ է տեղափոխել 1103 զինծառայող և 168 միավոր տեխնիկա:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն:

Ռուս խաղաղապահների մի մասն արդեն Արցախում է։ Նոյեմբերի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով ժամանած ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին: Հանդիպմանը քննարկվել են խաղաղապահ առաքելության կազմակերպման և իրականացման հարցեր։