Հրաչյա Արզումանյան․ Բարձրագույն ռազմաքաղաքական ղեկավարությունը, Արցախի և Հայաստանի նախագահները նույնպես դավաճանության մասնակիցներ են

Մանրամասներ

Մենք բախվել ենք ազգային դավաճանության հետ, որն իրապես կմտնի հայոց պատմության մեջ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի արտգործնախարարի նախկին խորհրդական Հրաչյա Արզումանյանը: 

Նա 9 կետ է առանձնացրել, որոնցից առաջինով հայտնում է, որ աշխատանքից ազատվել է նոյեմբերի 10-ին և այժմ ազատ է արտահայտվել, ապա երկրորդ կետով շարունակում, որ «մենք բախվել ենք ազգային դավաճանության, որն իրապես կմտնի հայոց պատմության մեջ»:

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը գիտակցաբար գնացին դավաճանության: Սա գիտակցաբար արված ընտրություն և քայլ էր: Որքանով ես գիտեմ, բարձրագույն ռազմաքաղաքական ղեկավարությունից ոչ ոք հրաժարական չի ներկայացրել, և նրանք դառնում են դավաճանության մասնակից»,- նշել է նա:

«3. Բացի դա, դավաճանության մասնակիցներ են Արցախի և Հայաստանի նախագահները, որոնք ստորագրել են Արցախի հանձնման տակ, և իրենցից յուրաքանչյուրն իր ներդրումն է ունեցել այս օրերին տեղի ունեցածում:

4. Արդյունքում մենք կորցրինք Արցախը: Տեսականորեն՝ դրա հայկական մնացած մասը կարելի էր փրկել՝ հայտարարելով Հայաստանի հետ միավորման մասին, սակայն դավաճանները չեն կարող նման քայլի գնալ:

5. Ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է մտածել, թե ինչպես փրկել Հայաստանի մյուս մասը, որին մահացու վտանգ է սպառնում: 

6. Տեղի ունեցածը Թուրքիայի Աթաթուրքի և Ռուսաստանի Լենինի միջև դավադրության կրկնությունն է: Այն ժամանակ մենք կորցրինք Արևմտյան Հայաստանը, այս օրերին Պուտինի և Էրդողանի համաձայնության արդյունքում՝ Արցախը:

7. Այս օրերին ես հիացմունքով էի հետևում իմ ժողովրդին ու իմ բանակին: Մեր գործողությունները նաև պատմության մեջ կմտնեն որպես բացառիկ հերոսության, արիության և անձնազոհության էջեր: Մենք ունիկալ և մեծ ժողովուրդ ենք, մեզանում փայլուն երիտասարդություն է մեծացել: Ունենք բանակ, տեղ-տեղ ժանգոտված, սակայն ուժեղ և աներևակայելի բարդության առաջադրանքներ լուծելու կարողունակ… 

Մեզ թիկունքից հարվածեցին բեկումից «ակնթարթներ առաջ»: Առաջնագծի տղաները ցնծությամբ ասում էին, որ թշնամին արդեն դողում է, Շուշիի մատույցներում խմբավորումը ոչնչացված է, և իրենք պատրաստվում են հարձակման»,- գրել է նա:

8-րդ կետով Արզումանյանը նշել է, որ քաղաքական գործիչները, որոնք իրենց դավաճանությունը ծածկելու համար փորձում են հայկական բանակը և նրա արիությունը, հայ ժողովրդին ներկայացնել անհրապույր լույսի ներքո դավաճաններ են:

«9. Հրատապ անհրաժեշտություն կա հայկական պետականությունը վերադարձնել հայ ժողովրդի վերահսկողության ներքո, որից հետո հնարավոր կլինի դնել Հայաստանը փրկելու և դավաճաններին պատասխանատվության ենթարկելու խնդիրը»,- ամփոփել է Հրաչյա Արզումանյանը:

Թարգմանությունը՝ Թերթ․am-ի