Այս փաստաթղթով հետհաշվարկ է դրվում պատերազմի, որին Թուրքիան կարող է արդեն ուղիղ մասնակցել

Կարեն Վրթանեսյան․ Մանրամասներ

Razm.info մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանն իր ֆեյսբուքյան էջում ուղիղ միացմամբ անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը նոյեմբերի 10-ի ժամը 01.00-ից դադարեցնելու մասին հայտարարության ստորագրմանը:

Վրթանեսյանը, մասնավորապես 3 հարց է առանձնացրել, որոնցից առաջինն այն է, թե ինչ է տալու վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը հենց հիմա, երկրորդ հարցը՝ թե ով է գալու իր փոխարեն, և երրորդն այն է, թե ի վերջո ինչ փաստաթուղթ է ստորագրել Փաշինյանը:

Նա նկատեց, որ ստորագրվել է ինչ–որ փաստաթուղթ, որի վրա, իր խոսքով, գրված է ո՛չ համաձայնագիր, ո՛չ պայմանագիր, այլ՝ հայտարարություն: 

«Այդ հայտարարության ապահովման որևէ երաշխիք նշված չէ, հայտարարությունում նշված չէ, թե ինչ է լինելու, եթե կողմերից մեկը այդ հայտարարությունը չկատարի: 

«Այդ փաստաթուղթը ենթադրում է զորքերի դուրսբերում 3 շրջանից, շատ արագ, օրերի ընթացքում, իսկ թե ինչ է լինելու այդ շրջաններում ապրող հայ բնակչությունը, որևէ բառ չկա»,- նշել է նա:

Անդրադառնալով այն հարցին, թե ինչ է տալու Նիկոլ Փաշինյանի հեռանալը հենց հիմա, Վրթանեսյանը նշել է, որ նույնիսկ Ալեքսանդրապոլի պայմանագիրը հնարավոր եղավ մեղմել, որը մեզ ապագայի շանս տվեց: Մի շանս, որը 2.5 տարում տապալեց Նիկոլը: Բայց հիմա էլ մենք շանս ունենք ինչ–որ  բաներ փրկելու:

«Այս պահին ամեն օրով մեր շանսերը քչանում են: Ամեն օր մոտենում է վերջնաժամկետը, որ կամ սկսվում են ռազմական գործողությունները և կամ մենք պետք է զորքը դուրս բերենք: Բայց դեռ կան ռեսուրսներ, որոնք դեռ կարելի է օգտագործել, դիվանագիտականից, տնտեսականից սկսած մինչև ռազմական»

«Սա խաղաղություն չէ, ժողովուրդ, չխաբվեք: Սա շատ ավելի վատ պատերազմի հիմք է դրվում: Հետհաշվարկ է դրվում պատերազմի, որին Թուրքիան կարող է արդեն ուղիղ մասնակցել: 

«Այսօր Հայաստանում ոչ մի քաղաքական ուժի մոտ, ոչ մի նախկին կամ ներկա լիդերի մոտ չկա այնքան ռեսուրս, որ ինքը միանձնյա տիրի դաշտին: Պետք է լինի ինչ–որ ժամանակավոր, ճգնաժամային կառավարման մարմին, որը կարող է որևէ օգուտ տալ»,- ասել է Վրթանեսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: