Ավինյանի ընկերությանը դրամաշնորհ հատկացնելու մեջ վատ բան չկա. Փաշինյան

Այդ գործընթացն սկսվել է 2018 թվականի փետրվարից
Փաշինյան

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի ընտանիքին պատկանող ընկերությանը դրամաշնորհ հատկացվելու հանգամանքին:

«Այո, ինձ տվեցին հաշվետվություն, և պարզվեց, որ գրանտ ստանալու այդ գործընթացն սկսվել է 2018 թվականի փետրվարից, և փուլերը հաղթահարվել են մինչև այն պահը, երբ Տիգրան Ավինյանը փոխվարչապետ է նշանակվել»,- ասաց Փաշինյանը:

Հարցին՝ տարօրինակ չէ՞, երբ դրամաշնորհը հատկացնելու որոշումը կայացվել է հենց այն օրը, երբ Ավինյանը փոխվարչապետ է նշանակվել, Փաշինյանը պատասխանեց. «Հենց էդ է, տարօրինակ չէ: Դա նշանակում է, որ ոչ մի ազդեցություն չի եղել: Եթե գրանտը հաստատվում է հենց այդ օրը, դուք պատկերացնում եք, չէ՞, որ դա ամիսների գործընթաց է: Հենց այդ փաստով ինքնին տարօրինակ չէ»,- նշեց նա: