Ռուս խաղաղապահներով բեռնված 10-րդ ինքնաթիռն է մեկնել Լեռնային Ղարաբաղ

Մանրամասներ

Ռուս խաղաղապահներին տեղափոխող 10-րդ Իլ-76 ինքնաթիռը Ուլյանովսկից թռիչք է կատարել դեպի Ղարաբաղ: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը` հղում տալով ՌԴ պաշտպանության նախարարությանը:

«Ռազմատրանսպորտային ավիացիայի՝ ռուս խաղաղապահներով 10-րդ Իլ-76 ինքնաթիռը թռիչք է կատարել «Ուլյանովսկ-Վոստոչնի» օդանավակայանից։ Օդանավում են խաղաղապահ միավորման անձնակազմը, նյութական միջոցներ և ռազմական փոխադրիչներ»,-ասված է հայտարարության մեջ:

Ավելի վաղ ահղորտվել էր, որ ռուս խաղաղապահ ուժերը տեղափոխող 9 ինքնաթիռ մեկնել է Լեռնային Ղարաբաղ:

ՌԴ ՊՆ-ում շեշտել են, որ ընդհանուր առմամբ խաղաղապահ առաքելության իրականացման համար Լեռնային Ղարաբաղ է մեկնելու 1960 զինծառայող, ինչպես նաև 90 զրահափոխադրիչ ու 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել էր, որ ՌԴ-ն, Ադրբեջանը և Հայաստանը Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել:

Իր հերթին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը ժամը 01:00-ից դադարեցնելու մասին հայտարարություն է ստորագրել:
«Հայտարարության տեքստը, որ արդեն հրապարակվել է, անասելի ցավոտ է անձամբ ինձ և մեր ժողովրդի համար: Այդ որոշումը կայացրել եմ ռազմական իրադրության խորը վերլուծության և այդ իրադրությանը ամենալավը տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում: Նաև հիմնվելով այն համոզմունքի վրա, որ ստեղծված իրավիճակում սա ՀՆԱՐԱՎՈՐ ամենալավ հանգուցալուծումն է: Այս ամենի մասին առաջիկա օրերին հանդես կգամ մանրամասն ուղերձով»,- ասել է նա: