«Բոլթոնը Հայաստանին հանձնարարել է գնել ամերիկյան զենք ու հնարավորինս արագ միանալ հակառուսական պատժամիջոցներին». Կարասին

Բոլթոնը նաև Երևանին խորհուրդ է տվել իր միջազգային հարաբերություններում «ազատվել պատմական կաղապարներից
 ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը

Մոսկվան հույս ունի, որ Հայաստանի նոր ղեկավարությունն իր մեջ խիզախություն կգտնի դիմադրել ԱՄՆ-ի կողմից գործադրվող շանտաժին ու ճնշմանը։

Պաշտոնական Մոսկվան հույս ունի նաև, որ Հայաստանն ինքնուրույն որոշումներ կկայացնի:

Այս մասին РИА Новости-ի հետ զրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը։

Հոկտեմբերին Հայաստան ժամանեց ԱՄՆ նախագահի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը։ Լրագրողների առջև իր ելույթի ժամանակ նա, մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղի շուրջ կոնֆլիկտը, նկատել է, որ «ամերիկյան զենքն ամեն դեպքում ռուսականից լավն է»։ Բոլթոնը նաև Երևանին խորհուրդ է տվել իր միջազգային հարաբերություններում «ազատվել պատմական կաղապարներից»։

«Երկրում տեղի ունեցած ռադիկալ փոփոխությունների ֆոնին Վաշինգտոնի միջամտությունը նրա ներքաղաքական և արտաքին քաղաքական գործերին ավելի ու ավելի անտակտ է դառնում»,- ասել է Կարասինը։

Դիվանագետի խոսքերով՝ Բոլթոնը Հայաստանին հանձնարարել է գնել ամերիկյան զենք ու հնարավորինս արագ միանալ հակառուսական պատժամիջոցներին։

«Եթե այսպիսին է հայ-ամերիկյան հարաբերությունների հրապարակային կողմը, ապա կարելի է միայն պատկերացնել, թե կուլիսների հետևում ինչ ճնշումներ են գործադրվում»,- նկատել է Կարասինը։
«Հույս ունենք, որ խորհրադարանական ընտրություններում անհրաժեշտ մանդատ ստացած Հայաստանի ներկայիս ղեկավարությունն իր մեջ խիզախություն կգտնի դիմադրել անթաքույց արտաքին շանտաժին ու ճնշմանը, տեր կկանգնի ինքնուրույն որոշումներ ըննդունելու իր սուվերեն իրավունքին՝ հաշվի առնելով ազգային շահերը»,- շեշտել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալը։