Սայաթին փրկել են գրպանում եղած խաչն ու 90-ականներին հորը փրկած նույն աղոթագիրքը

Մանրամասներ

Պատերազմի լուրը լսելուն պես Սայաթն արտերկրից վերադարձավ Հայաստան ու կամավորագրվեց։ Ազատամարտիկի ընտանիքում ծնված երիտասարդը իր իսկ խոսքով՝ այնտեղ նստել չէր կարող։

«Ամեն մեկս գիտակցել ենք, որ եթե ես, նա կամ մյուսը չկռվենք, ապա ո՛չ հայրենիք, ո՛չ հող, ո՛չ էլ սրբություններ կունենանք»,- «Զինուժ մեդիայի» հետ զրույցում ասում է ամենաթեժ մարտերին մասնակցած Սայաթը, որը հրազենային վիրավորում է ստացել սրտի շրջանում  ու հրաշքով փրկվել. գրպանում եղած աղոթագիրքն ու խաչն են նրան փրկել։

Այդ նույն աղոթագիրքն 90-ականների պատերազմում փրկել էր նաեւ Սայաթի հոր կյանքը։

«Ասացի՝ էդ գիրքը վերցնեմ, որովհետեւ եթե մի անգամ հորս փրկել է էդ գիրքը, իմն էլ կփրկի, վերցրեցի ու գրպանս դրեցի»,- պատմում է Սայաթը։

Այժմ «Հայրենիքի պաշտպան» վերականգնողական կենտրոնում Սայաթն ու մարտի դաշտում վիրավորում ստացած այլ զինվորներ բուժում են  ստանում։ Ժամկետային զինծառայող Էրիկ Վարունցը ոտքի շրջանում բեկորային ծանր վնասվածք էր ստացել ու այդ վիճակում երեք օր շրջափակման մեջ մնացել։ Ռմբակոծության տակ մի դիրքից մյուսն է հասել։

«Ականապատ դաշտով իջել եմ, Աստված ինձ օգնել է էդ  3 օրում ու դուրս եմ եկել, ես իմ տունն եմ պահել, որ թուրքը չգնա իմ տուն հասնի»,- ասում է Էրիկ Վարունցը։

Արցախցի Արմեն Ոսկանյանն էլ հարավային ուղղությամբ մարտերին մասնակցած զինվորն է։

«Յուրաքանչյուրն էլ  հայրենասեր պիտի լինի, էս պայքարում հաղթանակ պիտի լինի, այլ տարբերակ չկա։ Բոլորի մտքում դա պիտի լինի, բոլորը պիտի իրենց հարց տան՝ ի՞նչ են արել  հայրենիքի համար, հասկանան, որ սա ամենավճռական պահն է»,- ասում է նա։

Արմենի եղբայրը մարտերի ընթացքում երկու շաբաթ առաջ է զոհվել։

«Պիտի այնպես լինի, որ հաղթենք այս պատերամզը, որ ես հնարավորություն ունենամ որդուս անվանակոչեմ եղբորս անունով»,- նշում է Արմենը։