Ռայսը՝ ԱՄՆ նոր պետքարտուղար. Politico

Նա Օբամայի օրոք նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնն է զբաղեցրել

ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու և, ըստ ամերիկյան մի շարք առաջատար լրատմավիջոցների, նախագահական ընտրություների հաղթող Ջո Բայդենի ապագա կաբինետում պետքարտուղարի պաշտոնը կարող է զբաղեցնել ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբամայի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Սյուզան Ռայսը, հաղորդում է Politico-ն:

Պարբերականի կանխատեսմամբ՝ պետքարտուղարի պաշտոնին կարող են հավակնել նաև ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալ Էնթոնի Բլինքեն, դեմոկրատ-սենատոր Քրիս Քունսը, մեկ այլ սենատոր Քրիս Մերֆին, ինչպես նաև՝ «Քարնեգի» հիմնադրամի ղեկավար Ուիլիամ Բերնսը:

Ըստ աղբյուրի՝ Բայդենի կաբինետում Պենտագոնը կարող է ղեկավարել ԱՄՆ պաշտպանության նախարարի քաղաքական հարցերով նախկին տեղակալ Միշել Ֆլորնոյը:

Ըստ ամերիկյան ԶԼՄ–ների՝ Բայդենը հաղթանակ է տարել Փենսիլվանիա նահանգում, ինչն ապահովում է ընտրիչների 20 ձայն: Այդպիսով, նա ստանում է 273 ձայն (ընտրվելու համար անհրաժեշտ է 270 ընտրիչի ձայն), մինչդեռ գործող նախագահ Դոնալդ Թրամփը ստացել է 213-ը:

ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը, սակայն չի ընդունում պարտությունը և հայտարարել է, որ ընտրությունները դեռ չեն ավարտվել։ Ավելին, նա նաև հայտարարել է, որ ձայների մեծ առավելությամբ հաղթանակ է տարել երկրի ղեկավարի ընտրություններում: