Թրամփի խորհրդականները խորհուրդ են տալիս նրան պատրաստվել հնարավոր պարտության

The Washington Post․ Մանրամասներ

ԱՄՆ գործող նախագահ, նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփի խորհրդականները խորհուրդ են տալիս նրան պատրաստվել հնարավոր պարտության, սակայն նման դեպքերի համար ավանդական ուղերձ, որում նախագահը հայտնում է ընտրություններում իր պարտության մասին, չի նախապատրաստվում։ Այս մասին հաղորդում է The Washington Post թերթը՝ հղում անելով իրավիճակին քաջատեղյակ աղբյուրներին։

Պարբերականի տվյալներով՝ վերջին երկու օրվա ընթացքում խորհրդականները Թրամփի հետ քննարկում են ընտրություններում պարտության հավանականությունն ու գործող նախագահի քայլերն այդ դեպքում։ Ինչպես նշում է թերթը, պարտության դեպքում Թրամփն ամենայն հավանականությամբ չի հայտնի դրա մասին ավանդական ձևաչափով։ Նախագահի նախընտրական շտաբի աշխատակիցներից մեկի խոսքով՝ նման ելույթի պատրաստությունները չեն էլ քննարկվում։

Թերթի աղբյուրները նշում են, որ անգամ պարտության դեպքում Թրամփը շարունակելու է անհիմն պնդել, որ հաղթանակը գողացված է, ինչն էլ անում է վերջին մի քանի օրվա ընթացքում։

The Washington Post-ի տվյալներով՝ Թրամփի համախոհներն այս պահին երկու ճամբարի են բաժանվել։ Նրա ընտանիքի անդամները ենթադրում են, որ գործող նախագահը դեռ ունի հաղթելու հնարավորություն, ուստի պետք է շարունակի պայքարը, մինչդեռ խորհրդականների ու Հանրապետական կուսակցության անդամների էլ ավելի մեծ խումբը պնդում է, որ ընտրություններում Թրամփը պարտվել է։