Նոր օրենքով երեխաները կկարողանան բողոքներ ներկայացնել իրենց իրավունքների խախտումների դեմ

«Ժողովուրդ». Մանրամասներ

««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կառավարության կողմից խորհրդարանի վավերացմանն է ներկայացվել 2011 թվականի դեկտեմբերի 19-ին ստորագրված «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի՝ հաղորդագրություններ ներկայացնելու կարգի վերաբերյալ կամընտիր արձանագրությունը:

Արձանագրությունը ստորագրել է 52 պետություն, վավերացրել է 46 պետություն: Հայաստանի Հանրապետության կողմից արձա­նագրությունը ստորագրվել է 2019 թ. սեպտեմբերի 26-ին: Արձանագրության մեջ նշվում է, որ այն կոչված է ամրապնդելու և լրացնելու ազգային և տարածաշրջանային մեխանիզմները, որոնք երեխաներին հնարավորություն են տալիս բողոքներ ներկայացնել իրենց իրավունքների խախտումների դեմ:

Ընդ որում, վավերացնելով արձանագրությունը՝ Հայաստանի Հանրապետությունը կստանձնի պարտավորություն պատշաճ ուշադրություն դարձնել իր իրավազորության ներքո գտնվող անձանց բողոքների վերաբերյալ Կոմիտեի տեսակետներին և առաջարկություններին:

Միևնույն ժամանակ նշվում է, որ արձանագրությունը չի հակասում Հայաստանի Հանրապետության օրենքներին, օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմերին: Հայաստանի Հանրապետությունը արձանագրությամբ ստանձնում է ձեռնարկել բոլոր պատշաճ քայլերը՝ ապահովելու համար, որ իր իրավազո­րության ներքո գտնվող ոչ մի անհատ, արձանագրության համաձայն, ներկայացրած հաղորդագրությունների կամ Կոմիտեի հետ համագործակցության պատճառով չենթարկվի մարդու իրավունքների որևէ խախտման, վատ վերաբերմունքի կամ ահաբեկման»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: