Բայդենը նախապատրաստվել է Թրամփից ստանձնել նախագահությունը. նա արդեն «անցումային շրջանի կայք» է գործարկել

Այս պահին նախնական տվյալներով՝ առաջատարը Ջո Բայդենն է, որին վերջնական հաղթանակի համար անհրաժեշտ է ընդամենը վեց ընտրիչի ձայն

Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը գործարկել է «անցումային շրջանի կայք», որը նախատեսված է գործող նախագահ Դոնալդ Թրամփից իշխանությունը Բայդենին փոխանցելու նախապատրաստական աշխատանքների համար։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ ընդգծելով, որ Բայդենը դեռ չի ստացել անհրաժեշտ 270 ընտրիչի ձայն, որպեսզի երկրի նախագահ հռչակվի։

Նոր ռեսուրսում առայժմ տեղադրված է միայն մեկ հաղորդագրություն, ինչպես նաև կապույտ ֆոնին Դեմոկրատական կուսակցության առաջնորդի նկարը։

«Ճգնաժամերը, որոնց բախվել է երկիրը, շատ լուրջ են՝ սկսած համավարակից մինչև տնտեսական անկում, կլիմայական փոփոխություններից մինչև ռասայական անարդարություն։ Անցումային շրջանի թիմը շարունակելու է նախապատրաստական աշխատանքները, որպեսզի Բայդեն-Հարիս վարչակազմը կարողանա առաջին օրն իսկ գործի անցնել», - ասվում է կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ CNN հեռուստաալիքը հաղորդել էր, որ առնվազն 150 մարդ, այդ թվում նաև Թրամփի վարչակազմի բարձրաստիճան աշխատակիցներ, մասնակցում են դեմոկրատների հաղթանակի դեպքում իշխանությունը Բայդենին փոխանցելու գործընթացին։ Ընդ որում՝ որոշ նահանգներում քվեարկության արդյունքները դեռ հայտնի չեն։

Լույս չորեքշաբթի Թրամփն արդեն հայտարարել էր իր հաղթանակի մասին՝ մեղադրելով դեմոկրատներին «իր հաղթանակը գողանալու» փորձեր համար։ Գործող նախագահի շտաբը մտադիր է պահանջել ձայների վերահաշվարկ։

Ընդ որում՝ այս պահին նախնական տվյալներով՝ առաջատարը Ջո Բայդենն է, որին վերջնական հաղթանակի համար անհրաժեշտ է ընդամենը վեց ընտրիչի ձայն։