Մենք պետք է մտածենք պարտքի շեմի մասին, հնարավոր չէ, որ պարտքի շեմի փոփոխություն չլինի

Մհեր Գրիգորյան․ Մանրամասներ

Ռազմական դրությունը, իհարկե, բյուջետային մուտքերի վրա ազդեցություն ունեցավ և կունենա: Ըստ այդմ, մենք պետք է մտածենք պարտքի շեմի մասին: Այո, հնարավոր չէ, որ պարտքի շեմի փոփոխություն չլինի: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

«Չենք կարող ասել, ռազմական դրությունը որևէ ազդեցություն չունեցավ տնտեսության վրա կամ բյուջեի վրա, իհարկե, բյուջետային մուտքերի վրա ազդեցություն ունեցավ և կունենա: Ըստ այդմ, մենք պետք է մտածենք պարտքի շեմի մասին: Իհարկե, շրջանառությունները որոշակի իմաստով կնվազեն, հարկային մուտքերը կանխատեսվածից ավելի ցածր մակարդակ կունենան, պակասուրդը ավել կլինի, բայց կան կոմպենսացիոն մեխանիզմներ, որոնք պետք է կիրառվեն: Կարծում եմ, որ կգտնենք այն հաշվեկշիռը, որը հնարավորություն կտա այս իրավիճակից դուրս գալ, մարտահրավերից բխող ռիսկերը չեզոքացնել, կառավարել և ունենալ կայուն սոցիալ-տնտեսական իրավիճակ»,- ասաց փոխվարչապետը:

Մհեր Գրիգորյանի խոսքով՝ պարտքի շեմի բարձրացման թեման մշտապես քննարկման, քննադատությունների առիթ է տվել, ըստ նրա՝ ոչ այնքան կարևոր հարց է, թե պարտքը ինչքան է ավելացել, որքան՝ այդ պարտքով ներգրավված միջոցներն ինչ արդյունավետություն և նպատակ ունեն:

«Պարտք վերցնելն ինքնանպատակ չէ, որևէ մեկը չի պատրաստվում պարտք վերցնել, որպեսզի իրականացնի ծախսեր, որոնք պայմանավորված չեն իրավիճակով կամ մարտահրավերների հետևանքներով: Այո, հնարավոր չէ, որ պարտքի շեմի փոփոխություն տեղի չունենա, բայց ես վստահ եմ, որ կդնենք ծախսման այնպիսի մեխանիզմներ, որոնք կնպաստան արդյունքների գեներացմանը»,- նշեց նա:

Ինչ վերաբերում է կորոնավիրուսի դեպքերի աճի ֆոնին նորից սահմանափակումներ մտցնելու հարցին, փոխվարչապետը պատասխանեց. «Չեմ կարծում, որ այսօր ունենք մի իրավիճակ, որ պետք է դիմենք լոքդաունի, որովհետև եթե անցած փորձն ամփոփենք՝ ոչ միայն Հայաստանի, այլև հարևան երկրների, նաև եվրոպական երկրների, կարծում եմ՝ այս պահի դրությամբ նման օրակարգ չենք ունենալու»:

Մհեր Գրիգորյանն ԱԺ էր ժամանել 2021 թ. բյուջեի նախագծի քննարկումներին մասնակցելու նպատակով: Փոխվարչապետը հայտնեց, որ հաջորդ տարվա բյուջեի նախագծում նույն չափով պահպանվել է պարգևավճարների ֆոնդը. «Քննարկումների արդյունքում ի վերջո ինչ տեսք կստանա (պարգևավճարների ֆոնդը – Tert.am), հիմա դեռ վաղ է դրա մասին խոսել»,- նշեց նա: