Թշնամին հրթիռակոծել է Շուշի քաղաքը. վնասվել է նաեւ բերդաքաղաքի պարսկական «Գոհար աղա» մզկիթը

Արցախի ԱԻՊԾ

Այսօր օրվա ընթացքում Ադրբեջանը շարունակել է կրակի տակ պահել Արցախի խաղաղ բնակավայրերը։ Այս մասին հայտնում է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

«Մարտունի քաղաքը եւ շրջանի հարակից գյուղերը ենթարկվել են ավիառմբակոծությունների։ Տուժածներ չկան, իսկ ավերածությունների հետեւանքով վնասների չափը ճշտվում է։

Կեսօրին տարբեր զինատեսակներից, հիմնականում գրադի եւ սմերչի կայանքներից թշնամական ուժերը հրթիռակոծել են Շուշի քաղաքը, բազմաթիվ ավերածությունների կողքին մասնակի վնասվել է նաեւ բերդաքաղաքի պարսկական «Գոհար աղա» մզկիթը։

Ռազմական ավիացիա կիրառվել է նաեւ Մարտակերտում։ Քաղաքը հերթական անգամ ենթարկվել է ռմբակոծության։ Այստեղ եւս քաղաքացիական բնակչության շրջանում տուժածներ չկան։

Պայթյուններ հնչել են նաեւ Ստեփանակերտում։  Տուժածներ չկան։ Օրվա ընթացքում միայն մայրաքաղաքում 7 անգամ հնչել է օդային տագնապի ազդանշանը»,- հայտնում է ծառայությունը։