Ոստիկանությունը նախապատրաստվում է, բնակիչները մեծ ծավալներով զենք են գնում․ ինչ է սպասվում ԱՄՆ-ին նախագահական ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո

Մանրամասներ

Բրիտանական Daily Mail պարբերականը ծավալուն հոդված է ներկայացրել ԱՄՆ-ում օրերս կայանալիք նախագահական ընտրությունների, դրանց հավանական արդյունքների, ինչպես նաև ժողովրդի միջև հնարավոր բախումների հավանականության մասին՝ ներկայացնելով երկրում տիրող նախընտրական իրավիճակի շուրջ մթնոլորտը։

Այսպես՝ լրագրող Հենրի Դիդսը հոդվածը սկսում է Փենսիլվանիա նահանգի Լանքաստեր քաղաքում Դոնալդ Թրամփի նախընտրական քարոզարշավից, որին մասնակցել են գործող նախագահին գրեթե «աստվածացնող» ու «Ամերիկան կրկին հզոր դարձնելու» հույս փայփայող հազարավոր մարդիկ։

«Այստեղ ենք աջակցելու մի մարդու, որը պատրաստվում է Ամերիկան կրկին հզոր դարձրել»,-նշել է Թրամփին աջակցող միջին տարիքի մի կին:

Սակայն հեղինակը նշում է, որ իրականում երկրում տրամադրվածությունն ու իրավիճակը միանգամայն այլ են:

«Հիմա, երբ Ամերիկայի պատմության մեջ ամենակատաղի մրցապայքարով ընտրություններին երեք օր է մնացել, քաղաքական իրականությունը միանգամայն այլ է»,-գրում է հեղինակը՝ հավելելով, որ կանխատեսումների մեծ մասի արդյունքների համաձայն՝ Թրամփին պարտություն է սպասվում։

Ըստ հոդվածագրի՝ նրա նախագահության «ամենակործանարար» գործոններից են կորոնավիրուսի դեմ գրեթե անարդյունավետ պայքարը, որը ավելի քան 230 000 ամերկացու մահվան է հանգեցրել։ Խոսվում է նաև «Սևամորթների կյանքերը նշանակություն ունեն» զանգվածային շարժման, դրան հաջորդած բռնությունների ալիքի, միայն վերջին մեկ տարում գործազրկության 9 տոկոսանոց աճի, աղքատության մակարդակի բարձրացման և մի շարք այլ խնդիրների մասին:

«Զարմանալի չէ, որ կոնսենսուսն այստեղ նրանում չէ, թե արդյո՞ք Թրամփը կպարտվի դեմոկրատ Բայդենին, որի սկլերոտիկ քարոզարշավն ուրիշ ժամանակներում միայն ծիծաղ կարող էր առաջացնել, այլ այն, թե ձայների ինչ համամասնությամբ դա տեղի կունենա»,-գրում է հեղինակը:

Դիդսը նշում է, որ սոցհարցումների արդյունքների համաձայն՝ այժմ Բայդենը 8 տոկոսի առավելություն ունի Թրամփի նկատմամբ։ Սակայն հոդվածագրի կարծիքով՝ առավել մտահոգիչ է այն փաստը, որը ժողովրդի միջև ստեղծված այս պառակտվածությունը կարող է ի վերջո քաղաքացիական պատերազմի վերաճել։

«Իհարկե, կորոնավիրուսի համավարակի հետևանքով փոստային եղանակով անցկացվելիք ընտրությունների արդյունքների հաշվարկման գործընթացը կարող է մի փոքր երկար տևել։ Եվ այս առնչությամբ ամերիկացիներին մտահոգում է Թրամփի այն հայտարարությունը, թե ընտրություններում անգամ չնչին անճշտությունները կլուծվեն իրավական ճանապարհով․ իրավական պայքար, որտեղ Թրամփն իրեն հրաշալի է զգում»,-գրում է Դիդսը։

Նշվում է, որ 2016 թվականին նախագահ դառնալուց ի վեր Թրամփը ձեռնամուխ է եղել ամերիկյան իրավական համակարգն իրեն համակրող դատավորներով «լցնելուն», ինչի վառ օրինակ է վերջերս երկրի Գերագույն դատարանում Էմի Քոնի Բարեթի նշանակումը և դրանով ամերիկյան բարձրագույն դատարանում հանրապետականների դիրքի ամրապնդումը։

«Ուստի՝ եթե ընտրական ցանկացած վեճ հասնի մինչև Գերագույն դատարան, ապա Թրամփի հաղթանակի հավանականությունը շատ կմեծանա, ինչն էլ մեծ իրարանցման կհանգեցնի։ Հայտնի է, որ ամերիկյան իրավապահ մարմինները օրեր կամ գուցե շաբաթներ շարունակ հնարավոր քաղաքացիական անկարգությունների դիմադրմանն են նախապատրաստվում: Սակայն այս առումով քաղաքացիները նույնպես պատրաստություն են տեսնում․ Հրաձգության սպորտի ազգային ասոցիացիայի տվյալներով՝ նախորդ տարվա այս ժամանակաշրջանի համեմատո՝ զենքի վաճառքն ավելացել է մոտ 95 տոկոսով, փամփուշտների վաճառքը՝ 139 տոկոսով»,-գրում է հեղինակը:

Նշվում է, որ երկրում իրավապահների նկատմամբ ժողովրդի «լարվածության» ֆոնին անգամ եթե Թրամփը խաղաղ հեռանալու ճանապարհն ընտրի, միևնույն է հավանականություն կա, որ նա կարող է իրարանցում առաջացնել։  Նշվում է, որ նախագահի ներման իրավունքից օգտվելով՝ նա կարող է հետնախագահական իր կարիերայի համար իրեն ձեռնտու քաղաքական գործիչներին ներում շնորհել, պետական շատ ծառայողներին աշխատանքից ազատել։

Միևնույն ժամանակ հոդվածագիրը չի բացառում նաև Թրամփի հաղթանակի սցենարը՝ հաշվի առնելով նրա քարոզարշավային ակտիվությունն ու ներդրած ջանքերը։

Դիդսը հոդվածի վերջում մեջբերում է Միացյալ Նահանգների 40-րդ նախագահ Ռոնալդ Ռեյգանի ՝ ԱՄՆ-ն նկարագրող արտահայտությունը․ նախկին նախագահը 1989 թվականին Սպիտակ տունը լքելիս երկիրը համեմատել էր «բլրի վրա հզոր փայլով քաղաքի» հետ։ Հոդվածագիրը, սակայն, դժվարանում է պատկերացնել, որ մոտակա ժամանակներում հնարավոր կլինի վերադարձնել այդ քաղաքի փայլը:

Թերթ․am