Ինչը կդադարեցնի պատերազմը. The Washington Post

The Washington Post-ի սյունակագիր Դեյվիդ Իգնատիուսի անդրադարձը

Լրագրող, նովելիստ, The Washington Post-ի սյունակագիր Դեյվիդ Իգնատիուսն անդրադարձել է Արցախյան պատերազմին՝ փորձելով հասկանալ, թե ինչը կդադարեցնի կողմերին ռազմական ճանապարհով խնդրի կարգավորումից:

Նրա հոդվածի առանցքում են հրադադար հաստատելու Մինսկի խմբի համանախագահող երկրների ջանքերն ու երեք անգամ հրադադարի համաձայնության խախտումը:

Իգնատիուսը նկատել է, որ ընդհանրապես հրադադարի հաստատման համար բանակցությունները դիվանագետների համար իսկական մղձավանջ են. հարձակվողները ցանկանում են ձեռք բերել առավելություն, պաշտպանվողները՝ չեն ուզում զենքի սպառնալիքով զիջումների գնալ:

«Պատերազմողները չեն դադարում կռվել, քանի դեռ շարունակելու գինն ավելի բարձր չէ»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ գրել է սյունակագիրն ու հռետորական հարցադրումներով մատնանշել ԱՄՆ հնարավոր քայլերը, որոնք կարող են բարձրացնել պատերազմելու գինը:

«Միացյալ Նահանգները պետք է անհապաղ մտածի, թե ինչպես բարձրացնի երկրատև մարտերի գինը: Բաքվին իսրայելական զենքի վաճառքի դադարեցո՞ւմ: Ռուսաստանի կողմից Հայաստանին ռազմաքաղաքական աջակցության ցուցաբերո՞ւմ: Խաղաղության համաձայնությունը մերժելու համար Ադրբեջանին ու իր գործընկեր Թուրքիային ԱՄՆ-ի կողմից դատապարտող հայտարարությո՞ւն»,-գրել է նա:

Դեյվիդ Իգնատիուսը նկատել է, որ Լեռնային Ղարաբաղի համար կայուն երկարաժամկետ արդյունքը կարող է լինել ինքնավար կարգավիճակի ստացումը: «Բայց վերջնական կարգավիճակի վերաբերյալ ցանկացած հարց շատ հեռու է, քանի դեռ զենքերը կրակում են»,-գրել է նա: