Անշարժ գույքի շուկան գնալով պասիվանում է

Պաշտոնական տվյալներով, այս տարվա հոկտեմբերին Երևանում 2,6 տոկոսով ավելի քիչ անշարժ գույք է վաճառվել
տուն

«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Մինչ Նիկոլ Փաշինյանը առիթը բաց չի թողնում հայտարարելու, որ անշարժ գույքի շուկայում աննախադեպ աշխուժություն է տիրում, վերջին շրջանում այստեղ սկսել են ի հայտ գալ մտահոգիչ երևույթներ։ Հատկապես առք ու վաճառքի ոլորտում։

«Մասնավորապես պասիվացել է մայրաքաղաքի անշարժ գույքի շուկան։ Առք ու վաճառքի գործարքները, որոնք շուկայի հիմնական բնութագրիչներից են, հոկտեմբերին ոչ միայն չեն ավելացել, այլև կրճատվել են։ Ընդ որում՝ ոչ թե նախորդ ամսվա, ինչը որոշակի սեզոնային երևույթների հետեւանք կարող է լինել, այլ՝ նախորդ տարվա համեմատ։

Պաշտոնական տվյալներով, այս տարվա հոկտեմբերին Երևանում 2,6 տոկոսով ավելի քիչ անշարժ գույք է վաճառվել։ Վարչական շրջանների մեծ մասում գործարքները կրճատվել են։ Առանձին դեպքերում նվազումը կտրուկ է. ասենք, Արաբկիրում անշարժ գույքի առք ու վաճառքը պակաս է եղել 37, Նուբարաշենում՝ 25, Քանաքեռ-Զեյթունում՝ 15 տոկոսով։

Պասիվացման միտումը հոկտեմբերին արտահայտվել է նաեւ մայրաքաղաքի բնակարանային շուկայում։ Նախորդ տարվա նույն ամսվա համեմատ առք ու վաճառքի գործարքները կրճատվել են 1,5 տոկոսով։ Այս պայմաններում, թե ինչ աննախադեպ աշխուժության մասին է խոսում կառավարության ղեկավարի պաշտոնակատարը, դժվար է ասել։ Ակնհայտ է, որ մի պահ արձանագրված աշխուժացումից հետո շուկան վերստին պասիվանում է, ինչը մտահոգիչ է։

Տևական ժամանակ տիրող անկումային տրամադրություններից հետո տարեսկզբին մայրաքաղաքի բնակարանային շուկան հազիվհազ կարողացավ դուրս գալ այդ վիճակից։ Դրական սպասումները խորացան նաև իշխանափոխությունից հետո։ Սակայն կարճ ժամանակ անց պատկերը դարձյալ սկսել է փոխվել»,- գրում է թերթը։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց աշխարհ»-ի՝ այսօրվա համարում: