Դիահերձարանից անհետացած կնոջ դին որդին գտել է․նրան սխալմամբ հուղարկավորել էին

Մանրամասներ

Կորոնավիրուսից մահացած 60-ամյա կնոջ՝ Մարիամ Գևորգյանի դին, որն անհետացել էր, գտնվել է։ Մեկ այլ ընտանիք սխալմամբ հուղարկավորել էր կնոջ դին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մարիասմ Գևորգյանի հարսը՝ Սիրանուշ Հարությունյանը։

«Սկեսուրս մահացել էր հոկտեմբերի 20-ին։ Ամուսինս անգամ մինչև էդ օրը մահացած անձանց ցուցակն է վերցրել ու սկսել փնտրել։ 65-ամյա կնոջ դիակի անվան դիմաց ստորագրված է եղել, բայց դիակը դիահերձարանում է եղել։ Ամուսինս հասկացել է, որ խնդիրը հենց էստեղ է։ Փնտրել են էդ կնոջ հարազատներին, արդյունքում նրա ամուսնուն են գտել, ով կորոնավիրուսով հիվանդ բուժհաստատություններից մեկում պառկած է եղել։ Ամուսինս իրականությունը չի պատմել նրան, միայն ասել է, որ անճշտություն է եղել, պետք է նորից ստորագրեն։ Կապվել ենք նրա որդու հետ, ում բացատրել ենք իրավիճակը, ինքն էլ սկզբից չհավատաց, թե ո՞նց կարող է նման բան լինի, հայրս ճանաչել է մորս դին։ Էդպես ինքը գնացել է դիահերձարան, դիակը տեսել է ու հաստատել, որ իր մայրն  է»,- պատմեց Սիրանուշ Հակոբյանը։ 

Նա հավելեց, որ ոստիկանների ուղեկցությամբ  գիշերը գնացել են գերեզմանոց, համապատասխան կարգով արտաշիրիմում արել։

«Նույնիսկ դեռ պարկը չբացած, վրան գրված է եղել Մարիամ Գևորգյան, 60 տարեկան։ Լավ, բա էդ 75 տարեկան պապիկը չէր տեսել, բա դիահերձարանի աշխատողն էլ չէր տեսե՞լ, որ այլ մարդու փոխարեն ուրիշի դին են տվել։ Ամուսինս բացել է պարկը, տեսել, որ իր մայրն է մեջը։ Քանի որ էդ ամենը գիշերն է եղել, ու քահանան էլ ասաց, որ պետք է անհապաղ հուղարկավորություն լինի, հենց գիշերով էլ մեր մայրիկին հուղարկավորել ենք, իսկ մյուս ընտանիքն էլ այսօր է իրենց հարազատին հուղարկավորել»,- ասաց Սիրանուշ Հարությունյանը՝ հավելելով, որ այս օրերին ծանր հոգեբանական վիճակում են հայտնվել։

«Էս ամեն ինչ համար մինչև վերջ գնալու ենք, բոլոր մեղավորները պատասխան են տալու»,– ասաց նա։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 23-ին NEWS.am-ը գրել էր, Երևանի բնակչուհի Սիրանուշ Հարությունյանն ահազանգում է, որ Covid-19-ի ախտորոշումից մահացած սկեսուրի՝  Մարիամ Գևորգյանի դին չկա։

NEWS.am