Թուրքիայի ռազմաօդային ուժերը շարունակում են իրենց F-16 կործանիչների թռիչքները Լեռնային Ղարաբաղում. Զոհրաբ Մնացականյան

Այնտեղ այժմ ռազմական ինքնաթիռներ են, իրականում F-16-եր, որոնք պատկանում են Թուրքիայի ՌՕՈւ-ին. նախարար
Զոհրաբ Մնացականյան

Թուրքիայի ռազմաօդային ուժերը շարունակում են իրենց F-16 կործանիչների թռիչքները Լեռնային Ղարաբաղում և կոորդինացնում են տարածաշրջանում անօդաչու թռչող սարքերի հարվածները: Այս մասին ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանը հայտարարել է Atlantic Council-ում քննարկման ընթացքում, հայտնում է ТАСС-ը:

«Այնտեղ այժմ ռազմական ինքնաթիռներ են, իրականում F-16-եր, որոնք պատկանում են Թուրքիայի ՌՕՈւ-ին: Դրանք թռիչքներ են իրականացնում այդ տարածաշրջանում, ինչպես նաև կոորդինացնում Լեռնային Ղարաբաղում հայերի ուղղությամբ ԱԹՍ-ների հարվածները»,- ասել է նախարարը:

Մնացականյանին հարց են տվել այն մասին, թե հայկական կողմն ինչպես է վերաբերվում հակամարտության տարածքում Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի կողմից միջազգային հսկողությամբ թռիչքների արգելման գոտի սահմանելու նախաձեռնությանը, ինչին նախարարը պատասխանել է, որ դա կարող է քննարկվել որպես հրադադարի ռեժիմի բաղկացուցիչ մաս: