Զատուլին․ Արայիկ Հարությունյանի դիմումը Վլադիմիր Պուտինին կուսումնասիրվի, հաշվի կառնվի․ մանրամասներ

Արցախում խաղաղապահների առկայությունը ոչ միայն հնարավոր է, այլև անհրաժեշտ
Վլադիմիր Պուտին Putin

168am-ի զրուցակիցն է Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ, պատգամավոր Կոնստանտին Զատուլինը։

– Պարոն Զատուլին, նախօրեին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում ընդունելի համարեց ռուս խաղաղապահների մուտքը ղարաբաղյան հակամարտության գոտի։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ևս կարծես դեմ չէ խաղաղապահների տեղակայմանը, բայց նշում է, որ այդպիսի առաքելություն կարող է գործել միայն իր առաջ քաշած պայմանների շրջանակում։ Ո՞րն է Ձեր դիրքորոշումն ընդհանրապես Արցախում այս փուլում ռուսական խաղաղապահ առաքելության հնարավորության վերաբերյալ, և ինչպե՞ս եք գնահատում կողմերի դիրքորոշումները։

– Ես կարծում եմ, որ դա ոչ միայն հնարավոր, այլև անհրաժեշտ է։ Սակայն այդ անհրաժեշտության համար դեռ խոչընդոտներ կան, անորոշություն և չկողմնորոշվածություն։ Ի՞նչ է նշանակում՝ Ադրբեջանի պայմաններով։ Եթե խաղաղապահները միմիայն Ադրբեջանի պայմաններով են լինելու, ապա քիչ հավանական է, որ հայկական կողմը դրան համաձայնի։ Խաղաղապահները կարող են այդ գոտում հայտնվել և իրենց գործառույթն իրականացնել այն դեպքում, երբ նրանց կհրավիրեն երկու կողմերը, և թվում է, թե դրա համար խոչընդոտներ չկան, եթե դատենք Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների պաշտոնական հայտարարություններից։ Բայց ինչ-որ բան ինձ հուշում է, որ Ադրբեջանը, այն ոգով, ինչ ասել է Ադրբեջանի նախագահ Ալիևը, իսկապես ձևակերպելու է այնպիսի պայմաններ ռուս խաղաղապահների ներկայության համար, որոնք կարող են մեր և Հայաստանի համար անընդունելի լինել։ Ուստի համոզվածություն, որ դա անպայմանորեն կիրականանա, այս պահի դրությամբ չունեմ։ Կա հույս, կա անհրաժեշտություն։

Պարզաբանեմ, որ խաղաղապահները խաղաղություն չեն հաստատում, նրանք ֆիքսում են հրադադարը և հետևում են, որպեսզի այդ հրադադարը չխախտվի, և դիտորդները, խաղաղապահներն ունակ են հետևել հրադադարի պահպանման կանոններին, ահա թե ինչ կարող են անել խաղաղապահները։

Նախնական փուլում, ամեն դեպքում, երկու կողմերը պետք է հանգեն ինչ-որ կոմպրոմիսի։ Հակամարտության գոտու ներկայիս առանձնահատկությունը կայանում է նրանում, որ, իմ կարծիքով, Հայաստանն իր կողմից կոմպրոմիսը չի բացառում, իսկ այն, ինչն ինձ է հայտնի, որ ներկայումս Ադրբեջանն առաջարկում է, ոչ մի կոմպրոմիս չէ, այլ փորձ է՝ հրադադարի դիմաց ապահովել սեփական շահերը ողջ ծավալով և, փաստորեն, հասնել Արցախի կամ ԼՂ Հանրապետության ոչնչացման։ Ահա այսպիսին է, իմ կարծիքով, այսօր ադրբեջանական կողմի դիրքորոշումը։

– Երբ կողմերը բացառում են բանակցությունը՝ նշելով, որ խոսելու ոչինչ չկա, խաղաղապահների հարցում ունեն տարաձայնություններ, ինչպե՞ս հասնել հրադադարի կամ հոկտեմբերի 10-ի և 18-ի հրադադարի պայմանավորվածությունների կատարման։

– Կարծում եմ, որ միայն ճնշումը մեծացնելով հակամարտության կողմերի նկատմամբ, որպեսզի պարտադրեն նրանց խաղաղության։ Թե ինչ տեսակի ճնշում կարող է լինել, ես թողնում եմ այն մարդկանց դատողությանը, ովքեր անմիջականորեն մասնակցում են բանակցություններին։ Նրանք պետք է այդ եզրահանգմանը գան։

Մենք գիտենք, որ պատերազմը դադարեցնելու վերաբերյալ կարծիք, որ այսպես չի կարելի լուծել երկարաձգված հակամարտությունը, արտահայտվել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների տարածած հայտարարությունում, ինչպես նաև «Վալդայ» ակումբում նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ևս ասաց, որ, չնայած այն հանգամանքին, որ հակամարտությունը չի կարգավորվել վերջին գոնե 26 տարիների ընթացքում հրադադարի հաստատման համաձայնագրերից հետո, դա դեռ հիմք և առիթ չէ ռազմական գործողություններ սկսելու և միմյանց բնաջնջելու համար։

Ինձ թվում է՝ Թուրքիան, որը վերջին շրջանում բազմաթիվ բառեր է արտաբերել Ադրբեջանի կողմից պատերազմի արդարացիության վերաբերյալ, կարող էր դրա փոխարեն նայել հայելու մեջ և պատասխանել հետևյալ հարցին՝ իսկ ինչո՞ւ է 1974 թվականից օկուպացված Հյուսիսային Կիպրոսը, գոյություն ունի Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն, որը, բացի Թուրքիայից, որևէ երկիր չի ճանաչել։ Եվ այս տեսանկյունից այս հակամարտության շարունակականությունն ուշագրավ է, քանի որ իրականում «ախտորոշված» և հստակեցված են՝ ինչպես կարգավորման սկզբունքները, կան ՄԱԿ-ի և մի շարք այլ բանաձևեր, պահանջներ թուրքական զորքերի դուրսբերման մասին կղզու տարածքից, սակայն դա շարունակվում է արդեն ոչ թե 26 տարի, ինչպես Ղարաբաղի դեպքում, այլ 46 տարի, և չի հարուցում տագնապներ ու մտահոգություններ Թուրքիայում, որը շարունակում է ընդունել անջատողականներին կղզու Հյուսիսում։

– Խոսեցիք ճնշումների մասին, ի՞նչ կարող է անել Ռուսաստանը՝ որպես Ադրբեջանի նկատմամբ ճնշում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՌԴ-ն, բացի ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրից, ՀՀ ռազմավարական դաշնակիցն է ու ՀԱՊԿ-ի շրջանակում գործընկերը։

– Ես երկու օր առաջ ասել եմ, որ, ի թիվս այլ տարբերակների, որոնք կարող են դիտարկվել, որպեսզի ամրապնդվի Ռուսաստանի կշիռն ու հեղինակությունը տարածաշրջանում՝ կդիտարկեի ՀՀ-ում ռուսական ռազմական խմբավորման ամրապնդումը։ Չգիտեմ, թե ինչ պատճառներով, բայց փորձեցին սա ներկայացնել՝ որպես ռուսական զորքերի դեսանտային ծրագիր Ղարաբաղում, բայց իրականում ես նման բան չեմ ասել։

Ես առաջարկել եմ հանդես գալ Հայաստանի օդային արգելափակման դեմ, որն իրականացվում է բոլոր կողմերից, այդ թվում՝ Վրաստանի և Իրանի, ինչպես նաև՝ ցուցադրական կերպով ամրապնդել մեր դիրքերը Հայաստանի Հանրապետությունում, որը պակաս կարևոր չէ հայ ժողովրդի ինքնազգացողության, ՀՀ բնակիչների համար և համոզվածության համար, որ բոլորը շարունակելու են իրականացնել իրենց պարտավորությունները՝ որպես ՀԱՊԿ անդամ, որպես երկիր, որը կապված է Հայաստանի հետ բազմաթիվ պայմանագրերով, այդ թվում՝ ռազմական բնույթի։

– Այսօր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ կոչ անելով, խնդրելով դադարեցնել ռազմական գործողությունները և նպաստել, որպեսզի քաղաքական գործընթաց սկսվի։ Ինչպե՞ս եք սա գնահատում, և ինչպե՞ս կարձագանքի սրան Ռուսաստանի նախագահը։

– Դա պաշտոնական դիմում է պաշտոնապես չճանաչված երկրի ղեկավարի կողմից, և այն, բնականաբար, կուսումնասիրվի։ Ես չեմ կարող պատասխանել նախագահի ադմինիստրացիայի, առավել ևս՝ նրա փոխարեն, և ասել՝ կլինի՞ անմիջական արձագանք այս դիմումին, թե՞ ոչ, բայց այն, որ դա հաշվի կառնվի, և այն, որ հաշվի են առնվում, ինչպես և մնացած բոլոր հայտարարությունները՝ ով էլ որ այն տարածում է՝ պայմանավորված ստեղծված իրավիճակով, չեմ կասկածում։

– Երեկ ՌԴ նախագահն ասաց, որ գուցե պետք է փոքր-ինչ փոխել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը։ Ըստ Ձեզ՝ Թուրքիայի մասնակցությո՞ւնը նկատի ունի ՌԴ նախագահը, և որքանո՞վ դա կլինի կառուցողական և ընդունելի միջնորդություն՝ հաշվի առնելով Թուրքիայի ներկայիս ապակառուցողական դերակատարությունը։

– Ես ոչ մի կերպ չեմ ցանկանում հակասել նրան, ինչ մեր երկրի նախագահն է ասել։ Նա տեղի ունեցողի վերաբերյալ տիրապետում է տեղեկատվության՝ ոչ միայն հրապարակային, այլև՝ ոչ հրապարակային։ Ուստի ներկայումս, թե ում նկատի ունի՝ չէի ցանկանա գուշակումներ անել։ Այո, իսկապես Ադրբեջանն ակտիվորեն առաջ է մղում Թուրքիայի ներգրավման հարցը ԵԱՀԿ Մինսկի ակտիվ խումբ։ Թուրքիան արդեն ԵԱՀԿ Մինսկի խմբի երկիր է, նա պարզապես համանախագահ չէ։ Գիտեք, որ հրադադարի համաձայնագրից հետո տեղի ունեցած առաջին հանդիպման ժամանակ հաստատվել է համանախագահության ձևաչափը, որ հենց ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Ռուսաստանն են պատասխանատու Մինսկի խմբի ղեկավարման համար, և նրանք էլ պետք է մնան համանախագահի դերում։ Ենթադրում եմ, որ դրա դեմ Ռուսաստանի նախագահը հաստատ հանդես չի եկել։

Ինչ վերաբերում է ինչ-որ հավելյալ ջանքերին այլ երկրների հետ, ապա դրանք պետք է ողջունվեն։ Ես պարզապես կասկածում եմ, որ Թուրքիան, որն Ադրբեջանից առաջ է ասում «ոչ» հրադադարի բոլոր նախաձեռնություններին, քիչ հավանական է, որ «հանգստություն» կբերի ԵԱՀԿ Մինսկի խումբ։ Ոչ միայն Թուրքիայի ներկայիս պահվածքը, այլև ընդհանուր առմամբ բոլորին հայտնի մոտեցումը Հայաստանի, հայ ժողովրդի հանդեպ, խոչընդոտում է նրան օբյեկտիվ լինել։ Եթե Թուրքիան լիներ երկիր, որն ունակ է ընդունել ակնհայտը ողջ աշխարհի համար, օրինակ՝ Հայերի ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում, ապա միգուցե դա այլ կերպ լիներ, բայց Թուրքիան ամեն անգամ ցույց է տալիս, որ չի ընդունում պատմական ճշմարտությունը 100-ամյա վաղեմության իրադարձությունների վերաբերյալ։ Ես չեմ հավատում, որ նման մոտեցում ցուցաբերելով անցյալի հանդեպ, ներկայումս Թուրքիան ունակ է իրեն դրսևորել ավելի օբյեկտիվ։