Բանկը գրավել է և, 500 հազար դոլար վերցնելով, դիմել փախուստի․ հանցագործը հետախուզվում է, պատանդներն ազատված են

Մանրամասներ
վրաստան

Նռնակով եւ ինքնաձիգով զինված անհայտ տղամարդու նկատմամբ, որը գրավել էր Վրաստանի բանկի շենքը, հետախուզում է հայտարարվել։ Իրավապահ մարմիններին հաջողվել է իրականացնել հատուկ գործողություն եւ հոկտեմբերի 22-ի առավոտյան բոլոր պատանդներին ազատել, հայտնում է Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը, փոխանցում է «Sputnik- Գրուզիան»։

Հոկտեմբերին 21-ին Զուգդիդի քաղաքում դիմակով տղամարդը նռնակով եւ ինքնաձիգով  ներխուժել է Վրաստանի բանկի շենք եւ պատանդ վերցրել ավելի քան 40 մարդու, որոնց թվում են եղել ֆինանսական հաստատության աշխատակիցներն ու հաճախորդները։ Նա իշխանություններից պահանջել է 500 հազար դոլար, մեքենա կամ ուղղաթիռ, ինչպես նաեւ բանկի տարածքից անվնաս հեռանալու երաշխիքներ։

Բանկի աշխատակիցների մի մասը կարողացել է շենքի երկրորդ հարկից անմիջապես դուրս գալ, տարեցներին եւ հղիներին ազատել է ինքը հանցագործը։ Օրվա ընթացքում նա թույլ է տվել պատանդներից մեկին՝ Իրակլի Կվարացխելիային կապ հաստատել լրագրողների հետ եւ ցույց տալ, թե ինչ է կատարվում բանկում, ինչպես նաեւ բարձրաձայնել իր պահանջները։

Պատանդների ազատագրման հատուկ գործողությունը շարունակվել է ավելի քան 7 ժամ։ Բանակցություններին մասնակցել է Վրաստանի ՆԳ նախարար Վախթանգ Գոմելաուրին։ Պատանդների ազատմանը հաջողվել է հասնել Սամեգրելո-Զեմո Սվանեթիայի ոստիկանության դեպարտամենտի տնօրեն Ավթանդիլ Գալդավայի շնորհիվ։ Նա կամավոր պատանդ է դարձել եւ դրանով պատանդների մեծ մասին օգնել է բանկից դուրս գալ։ Արդյունքում անհայտ անձը ստացել է գումարը եւ մնացած պատանդների հետ բանկի շենքից հեռացել է։ Զինված հանցագործը նրանց բաց է թողել Չխորոցկույսկի շրջանի Կիրցխի գյուղի մոտ անտառում եւ թաքնվել։