Ալիևը մի թուղթ հանեց գրպանից... Բոլորը ցնցված էին. Սերժ Սարգսյանը հետաքրքիր մանրամասներ է պատմել

Ռուսաստանը հանդես եկավ հանրային հայտարարությամբ, և Ադրբեջանի նախագահն ու ես հրավիրվեցինք Կազան՝ ձեռք բերված համաձայնությունը հաստատելու նպատակով

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել բրիտանական հեղինակավոր «Independent» պարբերականին։ Երրորդ նախագահի գրասենյակը հրապարակել է հարցազրույցն ամբողջությամբ, որը ներկայացնում ենք ստորև։

25 տարիների ընթացքում Ձեզ հաջողվել էր զսպել կոնֆլիկտը, բայց այն պահից ի վեր, երբ իշխանության եկավ Ձեր իրավահաջորդը, արդեն իսկ տեղի են ունեցել երկու մեծ կոնֆլիկտներ: Ի՞նչ եք կարծում, Ձեր իրավահաջորդը հարցը լուծում է այլ կերպ, քան Դո՞ւք:

Նախ պետք է ասեմ` ես չեմ համարում, որ երկու մեծ բախում է տեղի ունեցել. հուլիսյան դեպքերը կարելի է համարել սահմանային միջադեպ և այն, իմ կարծիքով, կարելի էր լուծել այլ կերպ: Բայց ես համաձայն եմ Ձեզ հետ, որ իմ իրավահաջորդը չգնաց այն ճանապարհով, որով մենք հաջողությամբ ընթանում էինք երկար ժամանակ և որոշեց, ինչպես ինքն է արտահայտվել, բանակցությունները սկսել սեփական կետից:

Կարող եմ ասել, որ այս հակամարտությունը երբեք չի եղել սառեցված հակամարտություն, անգամ եթե մեզ հաջողվել է երաշխավորել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը։

Փոքր մասշտաբներով, սակայն Ադրբեջանը բոլոր այս տարիներին շարունակել է հարձակվել մեզ վրա։ Իրական խաղաղությունը միայն հնարավոր է բանակցությունների միջոցով։ Դրան հնարավոր էր հասնել, օրինակ, Կազանում։ Տարիներ շարունակվող, ինչպես առաջընթաց, այնպես էլ հետընթաց արձանագրած բանակցությունների արդյունքում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները համաձայնել են փաթեթային լուծմանը 2011թ․ հունիսին. Մինսկի խմբի երեք համանախագահ երկրների նախագահները իրենց գոհանակությունն արտահայտեցին շրջադարձային առաջընթացի վերաբերյալ: Ռուսաստանը հանդես եկավ հանրային հայտարարությամբ, և Ադրբեջանի նախագահն ու ես հրավիրվեցինք Կազան՝ ձեռք բերված համաձայնությունը հաստատելու նպատակով: Երբ բոլորս նույն հարկի տակ էինք, Ալիևը մի թուղթ հանեց գրպանից՝ տասնյակից ավելի էական փոփոխություններով։ Այդ բոլոր դրույթները ամիսներ շարունակ քննարկվել էին կողմերի միջև բանակցությունների ընթացքում և մանրակրկտորեն պարզաբանված կամ հեռացված էին պատշաճ կերպով ձևակերպված փաստաթղթում: Բոլորը ցնցված էին, և չնայած միջնորդների հիասթափությանը՝ Ալիևը հայտարարեց, որ չի տալու իր համաձայնությունը փաստաթղթին:

Ես համաձայն չեմ, որ Կազանում սպառվել էր բանակցային ճանապարհով խնդրի լուծումը: Այո, 2016-ին Ալիևը խախտեց զինադադարը և հարձակվեց Լեռնային Ղարաբաղի վրա: Մենք  խիզախորեն պաշտպանվեցինք, չկորցրեցինք որևէ բնակավայր, և Ալիևը ստիպված էր վերահաստատելու 1994թ. Ադրբեջանի, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի իշխանությունների կողմից կնքված զինադադարը: Այնուհետև, ռազմական գործողություններից շաբաթներ հետո, Վիեննայում և Սանկտ Պետեբուրգում Մինսկի խմբի համանախագհները որոշեցին հարգել 1994-1995թթ. զինադադարի եռակողմ անժամկետ համաձայնագրերը, միջադեպերի հետաքննության մեխանիզմ ստեղծել և ընդլայնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունները. Եվ չնայած Ալիևը դժվարությամբ էր համաձայնվում դրան, մենք բանակցությունները շարունակում էինք միջնորդների` Մինսկի խմբի համանախագահների միջոցով:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ այստեղ