«Հարավում ճակատի կայունացումից հետո ԼՂ հակամարտող կողմերը պատրաստ կլինեն բանակցություններին և արդեն իրական հրադադարին». Известия

Մանրամասներ
եղանակ

Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունն արդյունավետ կլինի միայն, եթե և՛ Երևանը, և՛ Բաքուն որոշակի զիջումների գնան, կարծում են «Իզվեստիա» պարբերականի հետ զրուցած փորձագետները: tert.am-ը հայտնում է, որ, հյոկտեմբերի 19-ին երկու երկրների առաջնորդները հայտարարել են, որ պատրաստ են բանակցություններ վարել Մոսկվայում: 

Պետդումայում «Իզվեստիա»-ի հետ զրույցում հայտնել են, որ երկրների միջև տարաձայնությունների կարգավորման համար ևս մեկ գործիք կարող է լինել աշխատանքային խումբը, որը կներառի երկու հանրապետությունների արտաքին գործերի և պաշտպանության նախարարներին, ինչպես նաև ԼՂ ներկայացուցիչներին: Հրադադարը հնարավոր կլինի միայն ԼՂ հարավում ռազմաճակատի կայունացումից հետո, այս շրջանում հակամարտությունը կտևի մինչև հոկտեմբերի վերջ, կարծում են քաղաքագետները:

Մինչդեռ ԼՂ-ում շարունակվում են մայրաքաղաք Ստեփանակերտի հրետակոծությունները: Հոկտեմբերի 19-ին քաղաքում առնվազն 4 պայթյուն է հնչել: Ինչպես հայտնում է թերթի հատուկ թղթակիցը ԼՂ-ից, հրադադարի ստորագրումից հետո բոլոր օրերին Մարտունի քաղաքը և մոտակա գյուղերը ենթարկվում են «Գրադ»-ի և հաուբիցների հարվածներին:

«Ռմբակոծություններն օրվա տարբեր ժամերին են լինում: Վնասվել են տրանսպորտային միջոցները, մի քանի տուն: Մի կին ծանր վիրավորում է ստացել: Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, կրակոցները սկսել են առավոտյան ժամը 6-ին»,- պատմում է հատուկ թղթակիցը:

Հայաստանը և Ադրբեջանը պետք է կարգավորման վերաբերյալ աշխատանքային խումբ ստեղծեն, որտեղ պետք է ընդգրկվեն ԱԳՆ և պաշտպանության նախարարության ղեկավարները, ինչպես նաև ԼՂ ներկայացուցիչները, «Իզվեստիա»-ին հայտարարել է ԱՊՀ, համերկրացիներին հետ կապերի և եվրասիական ինտեգրման հարցերով Պետդումայի հանձնաժողովի առաջին փոխնախագահ Վիկտոր Վոլոդացկին:

Քաղաքագետ Դենիս Դենիսովի կարծիքով՝ աշխատանքային խմբի ստեղծումը և բանակցությունները Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների մակարդակով շատ չեն ազդի իրավիճակի վրա:

«Առայժմ և՛ Երևանը, և՛ Բաքուն չափազանց մեծ անվստահություն ունեն երկրորդ կողմի գործողությունների հանդեպ, երբ մեկը կարծում է, որ մյուսը բանակցություններն օգտագործում է վերազինվելու համար կամ երկարաձգում է երկխոսությունը, իսկ ինքը շարունակում է մարտերը՝ ավելի լավ դիրքեր գրավելու համար»,- բացատրել է փորձագետը:

ԱՊՀ ինստիտուտի փոխտնօրեն Վլադիմիր Եվսևը կարծում է, որ մինչ հարավում ռազմաճակատի կայունացումը բանակցությունների վերաբերյալ ցանկացած առաջարկներ կձախողվեն: Նախքան հարավում ամուր ռազմաճակատ հաստատելը երկու պետությունների ղեկավարների մակարդակով հանդիպումներ նույնպես պետք չէ սպասել:

«Ճակատի գիծը հյուսիս-արևելքում արդեն կայունացել է, հարավում ադրբեջանական բանակը ակտիվ հարձակումներ է իրականացնում, սակայն ռազմավարական քաղաքներ Հադրութը և Ջաբրայիլը վերցված չեն: Մարտերի ինտենսիվությունը նվազում է, քանի որ Ադրբեջանը հակամարտության 3 շաբաթվա ընթացքում անձնակազմի և զրահատեխնիկայի մեծ կորուստներ է կրել»,- «Իզվեստիա»-ին հայտնել է փորձագետը:

Նրա խոսքով, եթե ճակատը ամրապնդվի հյուսիս-արևելքում և հյուսիսում, դա թույլ կտա Հայաստանին վերախմբավորել զորքերը և ուղարկել հարավ: Այս ուղղությամբ իրավիճակի կայունացում պետք է սպասել 2 շաբաթվա ընթացքում՝ մինչև հոկտեմբերի վերջ, կարծում է քաղաքագետը:

«Հարավում կայունացումից հետո, ամենայն հավանականությամբ, կողմերը պատրաստ կլինեն բանակցություններին և արդեն իրական հրադադարին»,- եզրափակել է Եվսևը: