Տնտեսվարողները ներկրել են թուրքական ապրանքներ և չեն կարողանում վաճառել

Մանրամասներ

Այն, որ Թուրքիան իր ռազմատենչ հայտարարություններով Ադրբեջանի հետ բացահայտ ագրեսիա է սկսել Ղարաբաղի և Հայաստանի նկատմամբ, ի վերջո, հարկադրեց կառավարությանը հանդես գալ թուրքական ապրանքների ներմուծման նկատմամբ էմբարգո կիրառելու նախաձեռնությամբ։ Նախաձեռնությունը, որը ներկայացրել է Էկոնոմիկայի նախարարությունը, դեռ որոշում չի դարձել, բայց կասկած չկա, որ դրա համար որևէ խոչընդոտ չի լինի։  Հասարակությունը կողմ է թուրքական ապրանքների ներմուծման դադարեցմանը։

Թուրքական ապրանքները բոյկոտելու վերաբերյալ կոչեր սկսեցին հնչել Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Ղարաբաղում և Հայաստանի սահմաններում սանձազերծած ագրեսիայից անմիջապես հետո։ Այդ կոչերը տվեցին իրենց արդյունքը։ Եղան տնտեսվարողներ, որոնք հայտարարեցին թուրքական ապրանքների ներկրումը և իրացումը դադարեցնելու մասին։ Սպառողները ևս սկսեցին բոյկոտել թուրքական ապրանքները։

Հիմա դրանց իրացումը չափազանց դժվարացել է՝բարդություններ ստեղծելով այդ ոլորտում գործող ընկերությունների համար։ Տնտեսվարողները ներկրել են թուրքական ապրանքներ և չեն կարողանում վաճառել։

Սա խնդիր է, որին չպետք է մատների արանքով նայել։ Այն, ինչ ներմուծվել է, արդեն ներմուծվել է, ու դրա իրացումը չպետք է ծանրանա մարդկանց վրա։ Կարևորը այս պարագայում հետագա ներմուծումներից հրաժարումն է։

Իհարկե, առաջիկայում դեռ կլինեն ներմուծվող թուրքական ապրանքներ, որոնք ճանապարհին են կամ արդեն պատվիրված են։ Ըստ էության, հաշվի առնելով այդ հանգամանքը, թուրքական ապրանքների նկատմամբ հայտարարվող էմբարգոն ուժի մեջ կմտնի տարեվերջին, որպեսզի մինչ այդ հնարավոր լինի իրականացնել գործող պայմանավորվածություններն ու պայմանագրերը։

Անշուշտ, շատ ավելի լավ կլիներ, որպեսզի թուրքական ապրանքների նկատմամբ էմբարգոն կիրառվեր անմիջապես, առանց հապաղելու։ Բայց կան տնտեսական պրոցեսներ, որոնք դժվար է միանգամից դադարեցնելը, եթե չենք ուզում խնդիրներ ստեղծել մեր համար։

Էկոնոմիկայի նախարարության ներկայացրած նախաձեռնության համաձայն՝ թուրքական ապրանքների նկատմամբ, այսպես ասած, ժամանակավոր էմբարգոն կկիրառվի այս տարվա դեկտեմբերի 31-ից։ Այն կգործի 6 ամիս ժամկետով։

Ժամկետը կապված է ԵԱՏՄ կանոնակարգերի հետ, որոնք սահմանափակ հնարավորություն են տալիս։ Թեև հետագայում այն կարող է պարբերաբար երկարացվել։

Բայց այս պահին կարևորը ժամկետը չէ։ Կան շատ ավելի կարևոր հանգամանքներ՝ կապված՝ ինչպես ներքին շուկայում այդ ապրանքների դեֆիցիտ թույլ չտալու, տեղական արտադրությամբ կամ այլ երկրներից իրականացվող ներմուծումներով բացը լրացնելու և, հատկապես՝ թուրքական ապրանքների ներմուծման արգելանքի լիարժեք կիրառման հետ։ Ի վերջո, կարևորը ոչ միայն նախաձեռնությունն է, այլև դրա պատշաճ կատարումը։

Հայաստանը Թուրքիայի հետ չունի դիվանագիտական հարաբերություններ։ Թուրքիան միակողմանիորեն փակել է իր սահմանները Հայաստանի հետ։ Փակ սահմանների պայմաններում առևտուրն իրականացվում է միջնորդավորված ձևով, այլ երկրների միջոցով։ Միջնորդավորված ձևով էլ թուրքական ապրանքները կարող են հայտնվել Հայաստանի սպառողական շուկայում՝ նույնիսկ էմբարգո հայտարարելու պարագայում, եթե մաքսային սահմանին չկիրառվեն պատշաճ մեխանիզմներ։

Հատկապես որ, դատելով Էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությունից՝ խոսքը ոչ թե թուրքական ծագման ապրանքների իրացումը ներքին շուկայում արգելելու, այլ ներմուծման ժամանակավոր սահմանափակում կիրառելու մասին է։

«Սույն որոշման ընդունմամբ առաջարկվում է ժամանակավորապես արգելել Հայաստանի Հանրապետություն թուրքական ծագման ապրանքների ներմուծումը»,- ասվում է Էկոնոմիկայի նախարարության նախաձեռնության մեջ։

Մի կողմ թողելով նախաձեռնության զուտ քաղաքական նշանակությունը, չնայած այն չափազանց կարևոր է, անդրադառնանք դրա բացառապես տնտեսական ասպեկտներին։

Չնայած Հայաստանը Թուրքիայի հետ չունի առևտրատնտեսական հարաբերություններ դիվանագիտական մակարդակում, և սահմանները փակ են, այնուհանդերձ, տարիներ շարունակ այս երկիրը մեր համար հանդիսացել է ոչ փոքր դերակատարություն ունեցող առևտրային գործընկեր, եթե կարելի է այդպես ասել, որովհետև հարաբերությունները եղել են բացառապես միակողմանի։ Առևտրի շրջանառության 99 տոկոսը ներմուծումն է։ Հայկական ապրանքները թուրքական շուկայում տեղ չեն ունեցել և չունեն։

Տարբեր միջոցներով Թուրքիան արգելանքներ է կիրառել և խոչընդոտել հայկական ապրանքների իրացումն իր երկրում։ Փոխարենը՝ թուրքական ապրանքները լավ տեղավորվել են մեր շուկայում։

Վերջին տարիներին մեր ներմուծման 4-5 տոկոսը բաժին է ընկել թուրքական ծագման ապրանքներին։ Ներմուծվել են տարբեր տեսակի ապրանքներ։ Դրանց տեսականին հասնում է ընդհուպ 700-ի։ Այդ ապրանքների մի մասի փոխարինիչները ներքին շուկայում, անշուշտ, կան և ներմուծման արգելումը էական խնդիր չի ստեղծում։ Մինչև հիմա դրանք ներմուծվել են, որովհետև իրենց ցածր որակով և գնով կարողացել են գրավել սպառողների որոշակի հատվածին։ Հիմա այդ սպառողները գուցե և ստիպված լինեն ավելի շատ վճարել, բայց փոխարենը՝ կստանան անհամեմատ որակյալ ապրանք։

Ամեն դեպքում նրանք այլընտրանք կունենան։ Այդպես է կարծում Էկոնոմիկայի նախարարությունը՝ «Թուրքական ապրանքների ներմուծման սահմանափակման պարագայում հայկական շուկայում այդ ապրանքների պակասուրդ չի առաջանա, քանի որ դրանք հեշտությամբ կլրացվեն այլ շուկաներից Հայաստան ներմուծումների միջոցով կամ տեղական արտադրության շնորհիվ, ինչն, իհարկե, առավել նախընտրելի է»:

Չնայած թուրքական ծագման ապրանքների տեսականին հայկական շուկայում հասնում է մի քանի հարյուրի, այնուհանդերձ, հիմնական  խոշոր խմբերը մի քանիսն են՝ հագուստեղենը, որը զբաղեցնում է ամենամեծ բաժինը, գյուղատնտեսական առանձին մթերքներ, այդ թվում՝ տարիներ շարունակ հայկական արտադրողների համար խնդիրներ ստեղծած հայտնի թուրքական լոլիկը, որոշ էլեկտրական սարքավորումներ և մեխանիզմներ, մասնավորապես՝ ջեռուցիչներ, սառնարաններ, նավթ և նավթամթերք, քիմիական արտադրության հետ կապված ապրանքներ, ոչ թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրեր։

Այս ապրանքախմբերը, հատկապես՝ դրանց մի մասը, Հայաստանում քիչ տարածում չունեն։ Ուստի ժամանակ է պետք, որպեսզի ներմուծման սահմանափակումներ կիրառելուց հետո շուկան հարմարվի նոր իրավիճակին։

Կասկած չկա, որ ժամանակի ընթացքում ամեն ինչ կընկնի իր տեղը։ Բայց սա լավ հնարավորություն է, որպեսզի կառավարությունը քայլեր ձեռնարկի թուրքականը՝ ոչ թե այլ երկրներից համանման ապրանքների ներմուծմամբ, այլ՝ հայկական արտադրության փոխարինիչներով փոխարինելու համար։ Այդ դեպքում արդյունքը շատ ավելի կլինի, քան միայն թուրքական ապրանքները բոյկոտելն է։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

168.am