Էրդողանը ձգտում է կրկնել Հայոց ցեղասպանությունը և ստեղծել երկրորդ Օսմանյան կայսրությունը Կովկասում

Asharq Al-Awsat. Մանրամասներ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ագահ հավակնությունները բազմազան են: Միջերկրական ծովում գազ որոնելուց մինչեւ Լիբիայի «նավթային կիսալուսինը» ստանալը, միջամտելը Լեռնային Ղարաբաղի հայկական տարածաշրջանում, ադրբեջանական նավթի ծարավն ու խարդախություններն Իրաքում եւ Սիրիայում: Նրա ծարավը դարձել է ռազմատենչ քաղաքականության պատճառ: Թուրքիան վիճում է եւ թշնամիներ ձեռքբերում, խաղում չարամիտ դեր Սիրիայում, Լիբիայում, Եմենում, Սոմալիում եւ անգամ Հայաստանում, News.am-ի փոխանցմամբ՝ գրում է Asharq Al-Awsat-ը:

«Էրդողանը բացել է մի քանի ռազմաճակատ՝ ներքաշելով Թուրքիային Իրաքում քրդերի վրա հարձակումների միջոցով, ինչպես նաեւ Սիրիայում եւ Լիբիայում, մինչեւ «Մուսուլման եղբայրներին» աջակցելն ու Մերձավոր Արեւելքի մեծ մասը վերահսկելու հարցում նրանց հրանավորություն տալու փորձերը:

Թուրքիայի զարհուրելի միջամտությունն ուժգնացել է Եգիպտոսում «Եղբայրության» անկումից հետո՝ հասցնելով կործանիչ հարված Մերձավոր Արեւելքում վերահսկողություն սահմանելու եւ արդյունքում Օսմանյան երկրորդ կայսրությունը կյանքի կոչելու թուրքական ծրագրերին:

Թեթեւամտության եւ քաղաքական անարգանքի պատճառով Էրդողանը քայքայել է Թուրքիայի տնտեսությունը՝ բացելով ինչպես քաղաքական, այնպես էլ ռազմական ռազմաճակատներ խոշոր արաբական եւ իսլամական, մասնավորապես, սունիթական պետությունների, հատկապես, Եգիպտոսի եւ Սաուդյան Արաբիայի դեմ: Թուրքիայի անհույս փորձերն այնպիսի դերակատարում ունենալու ուղղությամբ, որը նրա ուժերից վեր է, հասցրել են նրան Եմեն եւ Սոմալի, մինչդեռ Էրդողանի պարտությունն ու կորուստները գրեթե կործանիչ են Թուրքիայի բյուջեի համար:

Արցախը, ինչպես անվանում են Հայաստանում, հայտնի է նաեւ որպես Լեռնային Ղարաբաղ, որը լեռնային շրջան է, որի մի մասը գտնվում է Հարավային Կովկասում, որտեղ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ շուրջ 95 տոկոսը, հայեր են: Հայաստանն ու Ադրբեջանը պայքարում են վիճելի շրջանի համար Խորհրդային Միության փլուզումից հետո. մի քանի փորձ է արվել լարվածությունը կրճատելու եւ խնդիրը բանակցությունների միջոցով լուծելու ուղղությամբ: Սակայն Թուրքիայի միջամտությունը ձախողել է բոլոր փորձերը:

Էրդողանը, ով սատարում է Ադրբեջանին, ասել է, որ «Թուրքիան առանց հապաղելու դեմ հանդես կգա  ցանկացած հարձակման Ադրբեջանի իրավունքների եւ հողերի վրա»: Թուրքիայի միջամտությունը նավթով հարուստ Ադրբեջանին սատարելու հարցում պատերազմի պատճառ դարձավ տարածաշրջանում, հատկապես` հաշվի առնելով պատմական թշնամանքը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ` Օսմանյան կայսրության կողմից 1915 թվականին իրականացված Ցեղասպանության պատճառով:

Կովկասյան նավթի նկատմամբ Թուրքիայի հավակնությունները, ամենայն հավանականությամբ, Անկարայի` Բաքվին սատարելու եւ հակամարտությանը դրա միջամտության իրական պատճառն են:

Հաղորդումների հիման վրա, որոնք հաստատում են, Թուրքիան սիրիացի վարձկանների է տեղափոխել Լիբիայից Լեռնային Ղարաբաղ, ՀՀ վարչապետը Թուրքիային մեղադրեց հակամարտությանն անմիջական միջամտության եւ Ադրբեջան կործանիչների ու անօդաչու սարքերի ուղարկման եւ տեղափոխման մեջ: Էրդողանը ձգտում է վերստեղծել երկրորդ Օսմանյան կայսրությունը Կովկասում եւ կրկնել Հայոց ցեղասպանությունը: Թուրքիայի միջամտությունն Ադրբեջանի օգտին չի կարող ամրապնդել կայունությունը տարածաշրջանում: Դա կբարդացնի իրավիճակը, ինչպես շեշտել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիանը, ով հայտարարել էր, որ «Թուրքիայի ռազմական միջամտությունը կարող է սրել ևեւմիջազգայնացնել հակամարտությունը»:

Իրականում Թուրքիան սաբոտաժի ենթարկեց հակամարտության խաղաղ կարգավորման բոլոր փորձերը:
Մի քանի ճակատներում Էրդողանը պայքար է մղում նավթի համար` ցույց տալով, թե որքան է Թուրքիայի նախագահն ագահ այդ հարցում: Նա խլեց նավթը Սիրիայից, ամենացածր գնով գնում էր այն ԻՊ-ից եւ փորձում էր գողանալ Լիբիայից եւ Միջերկրական ծովի երկրներից` զվարճահնար քարտեզներ նկարելով եւ ստեղծելով` առանց պատմությունն ու աշխարհագրությունը հաշվի առնելու: Սակայն նա շանսեր չունի... Իրականությունը շուտով կգերազանցի նրա ագահ նկրտումները»: