Բացարձակ կեղծ լուր է տարածում․ Սամվել Կարապետյանը՝ Ալիևին

Միշտ աջակցել եմ և աջակցելու եմ հայ ժողովրդին․ մանրամասներ

«Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր և Ռուսաստանի հայ ձեռներեցների ասոցիացիայի նախագահ Սամվել Կարապետյանն «անհիմն ու անհեթեթ» է որակել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մեղադրանքներն առ այն, թե նա Լեռնային Ղարաբաղին զենք է մատակարարել։ Կարապետյանը հիշեցրել է, որ նա մշտապես տարածաշրջանում խաղաղության հաստատման կոչեր է արել, գրում է armeniasputnik.am կայքը։ 

«Ադրբեջանի նախագահի մեղադրանքներն արմատապես անհիմն են ու անհեթեթ, դա բացարձակ կեղծ լուր է: Անչափ մտահոգիչ է այն, որ այդպիսի հայտարարությունները հնչում են նման բարձր մակարդակով: Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ ես մշտապես Լեռնային Ղարաբաղում  խաղաղության հաստատման կոչեր եմ արել ինչպես խոսքով, այնպես էլ գործով»,- նշել է գործարարը:

Կարապետյանը հավելել է նաև, որ այն մարդկանցից է, որոնք տարածաշրջանում սոցիալական օբյեկտներ են կառուցել։

«Ի դեպ, մենք ենք կառուցել այն հիվանդանոցները, դպրոցները, մանկապարտեզները և եկեղեցիները, որոնք այսօր ռմբակոծում է ադրբեջանական բանակը՝ չխնայելով անգամ խաղաղ բնակիչներին: Եվս մեկ անգամ ցանկանում եմ կրկնել իմ դիրքորոշումը. այս խնդիրը բացառապես խաղաղ ճանապարհով և Ռուսաստանի միջնոդությամբ է հնարավոր լուծել»,- ընդգծել է Կարապետյանը և հավելել, որ շարունակելու է աջակցել Հայաստանին։

«Կուզենայի շեշտել նաև, որ միշտ աջակցել եմ և աջակցելու եմ հայ ժողովրդին և հետագայում էլ մտադիր եմ շարունակել տարածաշրջանում բացառապես հումանիտար և սոցիալական ծրագրերի իրականացումը»,- եզրափակել է գործարարը։

Հիշեցենք, որ ավելի վաղ Իլհամ Ալիևը հայ մեծահարուստներին, այդ թվում՝ Սամվել Կարապետյանին, մեղադրել էր քաղաքացիական ինքնաթիռներով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի զենք տեղափոխելու համար: