Ռուսաստանը և Թուրքիան ռազմավարական գործընկերներ չեն․ Պուշկով

Մոսկվայում արձագանքել են Ղրիմի «բռնակցման» վերաբերյալ Էրդողանի հայտարարությանը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Ղրիմը ռուսական տարածք չճանաչելու մասին հայտարարությունը ևս մեկ անգամ վկայում է, որ Ռուսաստանը և Թուրքիան ռազմավարական գործընկերներ չեն:

Ինչպես գրում է Թերթ․am-ը՝ հղում անելով EAdaily-ին, նման կարծիք է հայտնել ռուս սենատոր, Դաշնային խորհրդի՝ տեղեկատվական քաղաքականության հարցերով հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Պուշկովն իր թելեգրամյան ալիքում:

«Ուկրաինայի նախագահ Զելենսկիի հետ բանակցությունների արդյունքների հիման վրա Էրդողանը խոստացել է Ուկրաինայի հետ «աջակցել Ղրիմի թաթարներին», Էրդողանն իր օրակարգն ունի: Ոչ մի «միության» մասին խոսք անգամ լինել չի կարող»,- գրել է սենատորը:

Վերջինիս հետ համակարծիք է Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Ալեքսեյ Չեպան: Ընդ որում՝ նա նշել է, որ Էրդողանի խոսքերը «Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն աջակցելու» մասին, ներառյալ Ղրիմը, ոչ մի կերպ չեն կարող ազդել այն բանի վրա, որ տվյալ շրջանը Ռուսաստանի մաս է կազմում:

Չեպան ընդգծել է, որ Թուրքիայի նախագահի հենց նման հայտարարություններն են ցուցադրում նրա՝ Ռուսաստանի գործընկեր լինելու «հուսալիությունը»: Նրա կարծիքով, Էրդողանի դիրքորոշումը ոչ մի սպառնալիք չի ներկայացնում Ռուսաստանի համար և թելադրված է եղել ակնթարթային նկատառումներով:

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան պատրաստ է մասնակցել «բռնագրավված» Ղրիմի ապաշրջափակման վերաբերյալ հարթակին: Թուրքական կողմը մտադիր է ակտիվ մասնակցություն ունենալ բանակցային գործընթացին:

Այս մասին պատմել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

Զելենսկիի խոսքով՝ ինքն Էրդողանին հրավիրել է մասնակցել Ղրիմի ապաշրջափակման վերաբերյալ հարթակին, և Թուրքիայի նախագահը պատրաստակամություն է հայտնել աջակցել նոր բանակցային ձևաչափին:

«Ես Թուրքիային հրավիրել եմ միանալ Ղրիմյան հարթակին: Դա ղրիմցիների իրավունքների պաշտպանության և թերակղզու ապաշրջափակման գործիք է: Շնորհակալ եմ ձեզ, պարոն նախագահ, որ պատրաստ եք աջակցել և լինել ակտիվ մասնակից»,- ընդգծել է Ուկրաինայի նախագահը:

Ավելի վաղ Զելենսկին հայտարարել էր, որ Թուրքիան կարող է լուրջ դերակատարում ունենալ Ղրիմն Ուկրաինայի կազմ վերադարձնելու գործընթացում, այդ պատճառով էլ Կիևը մտադիր է առաջարկել Անկարային մասնակցել Ղրիմյան հարթակին: