Արցախի ԱԺ նախագահն ընդունել է ՌԴ Պետական դումայի պատգամավոր Վիտալի Միլոնովին

Քննարկվել է Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետեւանքով ստեղծված իրավիճակը

Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն այսօր՝ հոկտեմբերի 16-ին, ընդունել է Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի պատգամավոր, «Միասնական Ռուսաստան» (Единая Россия) խմբակցության անդամ Վիտալի Միլոնովին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էէջում հայտնում է Արթուր Թովմասյանը։

«Սիրելի՛ հայրենակիցներ

Այսօր ընդունել եմ Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի պատգամավոր, «Միասնական Ռուսաստան» (Единая Россия) խմբակցության անդամ Վիտալի Միլոնովին։

Հանդիպման ընթացքում քննարկել ենք սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից՝ Թուրքիայի աջակցությամբ եւ իսլամիստ վարձկանների մասնակցությամբ սանձազերծված պատերազմի արդյունքում տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։

Շնորհակալություն հայտնելով պարոն Միլոնովին դժվարին ժամանակաշրջանում Արցախ այցելելու համար, իմ խոսքում ընդգծել եմ Ռուսաստանի Դաշնության կարեւոր դերակատարությունը՝ դեպի խաղաղություն տանող բանակցությունների ընթացքում եւ հակամարտության կարգավորման գործընթացում»,- գրել է Թովմասյանը։