Փաստացի, կարող ենք ասել, որ Թուրքիայի և Ադրբեջանի ծրագիրը ներկա պահին ձախողվեց. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մանրամասներ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հարցազրույց են տվել «ՌԻԱ Նովոստի» - ին։ Հարցազրույցը վարել է  Դմիտրի Կիսիլյովը։ Ներկայացնում ենք հարցազրույցի մի հատվածից թարգմանություն։

—Պարոն վարչապետ, բարև Ձեզ։ Շնորհակալություն, որ Հայաստանի և աշխարհի համար այս բարդ ժամանակահատվածում համաձայնեցիք պատասխանել մեր հարցերին։ Ինչպե՞ս եք գնահատում սեպտեմբերի 27-ից սկսված ռազմական գործողությունները։ Ինչպիսի՞ն են կողմերի կորուստները, շատ գերիներ կա՞ն։

—Իրավիճակը շատ բարդ է։ Երկու կողմերից էլ շատ կորուստներ կան։ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը պաշտպանությունն է իրականացնում, կազմակերպում է պաշտպանությունը, իրավիճակը ես կարող եմ գնահատել՝ որպես բավականին բարդ։

— Այսինքն դեռևս հնարավոր չէ՞  գնահատել կողմերի կորուստները և գերիների քանակը։

— Շատ փորձագետներ ասում են, որ սա 21-րդ դարում նախադեպը չունեցող պատերազմ է։ Քանի որ այստեղ ներգրավված են բոլոր տեսակի զենքերը՝ տանկեր, ԱԹՍ-ներ, ինքնաթիռներ և ուղղաթիռներ, հրետանի, զրահամեքենաներ, հրթիռային հրետանի և այլն։ Եվ շատ թվով զինվորներ և զորքեր են ներգրավված այս ռազմական գործողություններում։ Այսինքն՝ շատ լայնածավալ և դաժան մարտեր են ընթանում, և այս պահին Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը պաշտպանվում է։ Փաստացի, մենք կարող եք ասել, որ Թուրքիայի և Ադրբեջանի՝ Լեռնային Ղարաբաղը բլիցկրիգով վերահսկողության տակ վերցնելու  ծրագիրը ներկա պահին ձախողվեց։

—Պարոն վարչապետ, մենք հաճախ ենք լսում օտարերկրյա վարձկանների և ահաբեկիչների մասին, որոնք կռվում են Ադրբեջանի կողմից։ Դուք ունե՞ք դա հիմնավորող փաստեր, և կռվո՞ւմ են օտարերկրացիներ Հայաստանի կողմից։

— Այդ մասին արդեն ամբողջ աշխարհն է խոսում։ Դա շատ կարևոր նյուանս է, և այն կարևոր է նաև նրա համար, որ կարող է օգնել հասկանալ , թե ով և ինչ նպատակներով է սկսել այս ռազմական գործողությունները։ Իհարկե, կան կոնկրետ ապացույցներ, որ Սիրիայից զինյալ ահաբեկիչները մասնակցում են Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմական գործողություններին։ Այդ վիդեոփաստերն արդեն հրապարակված են ԶԼՄ-ներում և սոցցանցերում։ Եվ հիմա ակնհայտ է, որ Թուրքիան այս պատերազմի գլխավոր հովանավորն է։ Թուրքիան վարձել և բերել է այդ զինյալ ահաբեկիչներին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի։ Եվ Թուրքիայի որոշմամբ և հովանավորչությամբ է որոշվել այս պատերազմը, Լեռնային Ղարաբաղի դեմ հարձակումը սկսել։

Կարևոր է հասկանալ՝ ինչո՞ւ։ Քանի որ ակնհայտ է, որ Ադրբեջանի բանակը միայնակ ունակ չէ կռվել Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի դեմ։ Եվ դրա համար Թուրքիան որոշել է ներգրավել ահաբեկիչներին, թուրքական զորքերը՝ դրանք ներգրավված են ոչ միայն ռազմական գործողությունների ղեկավարման մեջ, այլ նաև ներգրավված են  թուրքական բանակի հատուկջոկատայիններ։  Ըստ որոշ տեղեկությունների, ռազմական գործողություններում ներգրավված են նաև Պակիստանի բանակի հատուկջոկատայիններ։ Եվ ես մտածում եմ, որ այն, ինչ վերաբերում է Թուրքիայի կողմից մինիմում ահաբեկիչներին ներգրավվելուն, արդեն ապացուցված է ամբողջ աշխարհում, քանի որ բազմաթիվ միջազգային ԶԼՄ-ներ արդեն գրում են այդ մասին։

Վերջին օրերին շատ հետաքրքիր տեղեկություններ եկան Ռուսաստանից, Հյուսիսային Կովկասից, երբ Չեչնիայում և Դաղստանում ոչնչացվել էին ահաբեկիչներ, և կար տեղեկություն, որ այդ ահաբեկիչները ՌԴ էին եկել արտասահմանից, եկել էին Սիրիայից։ Եվ ես այստեղ այս գործընթացում  անմիջական կապ եմ տեսնում․ Սիրիայից ահաբեկիչները Թուրքիայի կողմից բերվել էին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի, որպեսզի պատերազմ սկսեն Լեռնային Ղարաբաղի դեմ, իսկ հիմա նրանք արդեն հայտնվում են Հյուսիսային Կովկասում։ Սա շատ ակնառու փաստ է, որը ցույց է տալիս, որ այս իրավիճակն արդեն միայն Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին չէ, այլ դուրս է եկել դրա սահմաններից, դրա լոկալ իմաստով։ Սա արդեն տարածաշրջանային լայնածավալ հակամարտություն է, որը վերաբերում է տարածաշրջանային պետությունների կոնկրետ հետաքրքրություններին։ Եվ ես մտածում եմ, որ հատկապես ՌԴ-ում պետք է շատ ուշադիր լինեն այս փաստի նկատմամբ։ Ինչ վերաբերում է հայկական կողմին, իհարկե, Լեռնային Ղարաբաղի համար կռվող ոչ մի օտարերկրացի չկա։ Կարող են լինել որոշ հայեր, ովքեր եկել են սփյուռքից՝ հայրենակիցներին աջակցելու համար։ Բայց, իհարկե, նրանց չի կարելի համարել վարձկաններ։