Պատերազմն ընդդեմ Արցախի մեկնարկեց մեզ համար ոչ անսպասելի կերպով, մենք գիտեինք եւ սպասում էինք

Մանրամասներ

Պատերազմն ընդդեմ Արցախի մեկնարկեց մեզ համար ոչ անսպասելի կերպով, մենք գիտեինք եւ սպասում էինք, հարցն այն է, թե որ ժամին եւ որտեղից կհարձակվի թշնամին։

Արցախի ՊԲ-ն իսկապես ռաջին վայրկյաններից հերոսական կռիվ է տալիս, թուրք-ադրբեջանա-ահաբեկչական վարձկանների դաշինքը ձեռնարկեց ամենաուժգին հարձակումը Արցախի վրա՝ տանկեր, զրահամեքենաներ, հրթիռներ, հրետանի, ռազմական օդանավեր, ուղղաթիռներ, ԱԹՍ-ներ, ահռելի մեծ թվով մարդուժ՝ ներառյալ մի քանի հազար հատուկջոկատայիններ Թուրքիայից եւ ըստ որոշ տեղեկությունների Պակիստանից, ինչպես նաեւ վարձկաններ ու ահաբեկիչներ Սիրիայից։ Հակառակորդը առաջին շաբաթվա ընթացքում չունեցավ ոչ մի ռազմավարական եւ տարածքային հաջողություն։

Ու սա այն պայմաններում, երբ չուներ մատակարարման ու մարդուժի ոչ մի սահմանափակում, իսկ Արցախն ու Հայաստանը գործում էին ըստ էության, շրջափակման պայմաններում։ Այս ընթացքում հակառակորդը մեծ թվով զինտեխնիկ կորցրեց, մեծ թվով զոհեր տվեց, բայց այդ զոհերի մի մասը վարձկան ահաբեկիչներ էին, ինչը ամենեւին ծանր չէին տանում Ադրբեջանում։ Մինչդեռ մեր ամեն կաթիլ արյունը մրմուռով  է պատում մեզ բոլորիս։ Էլ չեմ ասում այն ահռելի թվով զոհերը, որ ունենք այս պահին։

Հետագա կորուստները կանխելուն էր ուղղված նախորդ ուրբաթ Մոսկվայում ընդունված հայտարարությունը եւ այդ պրոցեսին մեր մասնակցությունը, որը նախատեսում էր հումանիտար հրադադար, դիակների եւ գերիների փոխանակում, վերադարձ բանակցությունների ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափում հարցը շուտափույթ ձեւով կարգավորելու  տրամաբանությամբ։