Մոտ ապագայում վարչապետը կդիմի հանրությանը և ինֆորմացիա կտրամադրի ստեղծված իրավիճակի մանրամասների հետ կապված: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:
«Մենք մշտապես բաց ենք եղել, և որոշվել է, որ նույնիսկ այս պարագայում մեր հանրության հետ մաքսիմալ բաց ենք լինելու, որովհետև վստահությունը, փոխադարձ կապը շատ կարևոր է այսօր պատերազմի իրավիճակում»,-նշեց նա:
Հարցին՝ ՌԴ հայտարարությունները որքանով են գոհացուցիչ, Սիմոնյանն արձագանքեց, թե այսօր ՀՀ և ՌԴ հարաբերությունները գտնվում են ամենաբարձր մակարդակում: «Ես կարող եմ ասել, որ համագործակցությունը, փոխըմբռնումը, իրավիճակի սթափ գնահատումը կա թերևս բոլոր գործընկերների հետ, այդ թվում՝ ՌԴ-ի, որը շատ կարևոր է այսօր»,-ասաց Սիմոնյանը:
Ինչ վերաբերում է ՀՀ-ի կողմից Արցախի Հանրապետության ճանաչմանը, պատգամավորն ասաց, թե պետք է հասկանալ դրա նպատակահարմարությունը, տեխնիկապես իրագործումը և հետևանքները, հետագա գործողությունները:
«Պարզ է, որ անկախացումը բոլորիս համար ամենակարևոր հարցն է, մենք բոլոր ուղղություններով աշխատում ենք, և գնալու ենք ու գնում ենք Արցախի ճանաչման ճանապարհով: Նույնիսկ ամենացածր մակարդակի շփումներում այդ հարցը բարձրացնում ենք, բայց շատ կարևոր է, որ Արցախը ճանաչվի ոչ միայն Հայաստանի, այլև աշխարհի կողմից, և դրան հետևեն կոնկրետ իրավական քայլեր. չլինի ուղղակի ինչ-որ գործողություն, որը կվատթարացնի»,-ասաց նա՝ հավելելով, թե այդ հարցը քննարկման մեջ է և օրհասական է:
«Այսօր պետք է հասնենք այն բանին, որ լայնամասշտաբ հարձակումը, որը կարողացել ենք զսպել, կանգնեցնեք»,-ասաց Ալեն Սիմոնյանը:
0Comments