Պուտին-Ռոհանի հեռախոսազրույց է տեղի ունեցել․ մանրամասներ

Իրանի նախագահը աջակցություն է հայտնել

Իրանական կողմի նախաձեռնությամբ՝ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի եւ Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Հասան Ռոհանիի միջեւ։ Այս մասին հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը։ Հեռախոսազրույցի ընթացքում հանգամանալից մտքերի փոխանակություն է տեղի ունեցել Ղարաբաղյան հակամարտության գոտու ներկա իրադրության հետ կապված։

Պուտինը իր իրանցի գործընկերոջը ներկայացրել է այն ջանքերը, որոնք ներդնում է Ռուսաստանը՝ ռեգիոնում լարվածության լիցքաթափման ուղղությամբ։ Իրանի նախագահը աջակցություն է հայտնել Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան եռակողմ խորհրդակցությունների արդյունքում ձեռք բերված հումանիտար կրակի դադարեցման մասին պայմանավորվածությանը, ինչպես նաեւ առարկայական բանակցությունների վերսկսմանը, հանուն հակամարտության շուտափույթ կարգավորման։

Անդրադարձ է կատարվել նաեւ Միջուկային գործարքի համաձայնագրի կատարմանը։ Կարեւորվել է այդ առանցքային փաստաթղթի պահպանումը՝ միջազգային անվտանգության համար։ Անդրադարձ է կատարվել նաեւ երկկողմ օրակարագային հարցերին, կորոնավիրուսային համավարակին եւ ռուսական պատվաստանյութի առնչությամբ համագործակցության հեռանկարներին։