Արցախի նախագահի մամուլի ասուլիսը 7 ժամով հետաձգվում է

Մանրամասներ

Հումանիտար հրադադարով պայմանավորված՝ Արցախի նախագահի մամուլի ասուլիսը հետաձգվում է։ Այս մասին հայտնում է ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Արայիկ Հարությունյանը։

«Սիրելի հայրենակիցներ

Հաշվի առնելով Ռուսաստանի Դաշնության ակտիվ միջնորդությամբ Մոսկվայում ձեռք բերված հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածությունը, որը կսկսի գործել ժամը 12:00-ից, և այդ ուղղությամբ տարվող աշխատանքները՝ իմ` ժամը 10:00-ին նախատեսված մամլո ասուլիսը կանցկացվի ժամը 17:00-ին»,-գրել է Արցախի նախագահը:

Հիշեցնենք, որ Մոսկվայում ավելի քան 11 ժամ տևած խորհրդատվական բանակցություններից հետո ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ կողմերի միջև ձեռք է բերվել մարդասիրական նպատակներով հրադադարի համաձայնություն: 

Լավրովը ներկայացրել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարների համատեղ հայտարարությունը, ըստ որի.

Ի պատասխան Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ.Պուտինի ուղերձի և համապատասխան Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ.Պուտինի, Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն.Վ.Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Ի.Հ.Ալիևի պայմանավորվածությունների` կողմերը համաձայնեցին ստորև ներկայացված քայլերի շուրջ.

1. 2020թ. հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարվում է կրակի դադարեցման մասին` ռազմագերիների և պահվող այլ անձանց, զոհվածների մարմինների փոխանակման համար` Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջնորդությամբ և վերջինիս չափանիշների համաձայն։

2. Կրակի դադարեցման հստակ պարամետրերը կհամաձայնեցվեն հավելյալ։

3.Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա ձեռնամուխ են լինելու առարկայական բանակցությունների` խաղաղ կարգավորմանը շուտափույթ հասնելու նպատակով։

4.Կողմերը վերահաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխությունը: