Իմ ժողովրդի կողքին եմ հոգով և բոլոր հնարավոր այլ միջոցներով․ Victoria's Secret-ի հայ մոդել Ռուբինա Խանզադյան

Սա բախում կամ կոնֆլիկտ չէ, սա հարձակում է մեր ժողովրդի վրա, որը սպառնում է ոչ միայն մեր խաղաղությանն ու սեփական տանն ապրելու իրավունքին

Victoria's Secret-ի հայ մոդել Ռուբինա Խանզադյանն Ինստագրամի իր էջում լուսանկար է հրապարակել և գրառում կատարել` ի աջակցություն Հայաստանի և Արցախի: Մոդելի հրապարակած լուսանկարի վրա գրված է ֆրանսահայ երաժիշտ Սևանա Չակերյանի խոսքերը` «Իմ ամեն մի մասնիկ հայկական է»:

Լուսանկարին կից Ռուբինան գրել է.

«Իմ գեղեցիկ հայրենիքի` Հայաստանի բնակչությունը պատերազմի մեջ է: Թուրքիայի ռազմական աջակցությամբ Ադրբեջանը և սիրիացի վարձկան ահաբեկիչները հարձակվում են մեր Հայաստանի վրա: Սա բախում կամ կոնֆլիկտ չէ, սա հարձակում է մեր ժողովրդի վրա, որը սպառնում է ոչ միայն մեր խաղաղությանն ու սեփական տանն ապրելու իրավունքին, այլև գոյությանը: Խնդրում եմ, թույլ չտաք, որ պատմությունը կրկնվի: Ես իմ ժողովրդի կողքին եմ հոգով և բոլոր հնարավոր այլ միջոցներով։

Ես աղոթում եմ Հայաստանում բոլորի` մեր մարտնչող եղբայրների, գիշեր ու ցերեկ աշխատող կամավորականների և աշխարհի բոլոր հայերի համար, ովքեր, ինչպես ես, հպարտ են իրենց ծագման համար և պայքարում են` որտեղ էլ լինեն: Խնդրում եմ, ծանոթացեք իմ կենսագրությանը որպես «Հայկական» ընդգծված բաժնում, տեսեք իմ եղբայր-քույրերին, ում նշել եմ այս լուսանկարում»:

Մոդելը նաև տեղադրել է Համահայկական հիմնադրամի կայքի ակտիվ հղումը` կոչ անելով աջակցություն ցուցաբերել Հայաստանին: