Ո՞վ խախտեց ներքաղաքական զինադարարը. Analitik.am

ՔՊ վերնախավից ասել են, որ «այդքան պարգևավճարներ էիք ստանում, հիմա պետք է դրա դիմաց ինչ-որ բան անել»

Analitik.am-ի տեղեկություններով, երեկ՝ հոկտեմբերի 7-ի երեկոյան «Քաղաքացիական պայմանագիր»  կուսակցության ամբողջ վերնախավին՝ պատգամավորներ, նախարարներ և այլն,  Նիկոլ Փաշինյանի անունից տեղեկացրել են, որ սոցցանցերում սկսեն ակտիվ հայհոյել ու քարկոծել ընդդիմադիրներին, գոյություն չունեցող դավաճաններ հորինեն,մեղավորներ նշանակեն և այլն։  ՔՊ քաղաքական վերնախավը որոշում է կայացրել վերսկսել հանրության պառակտումը և այդ կապակցությամբ էլ զանգեր են արվել  ՔՊ-ական պատգամավորներին և կուսակցության այլ անդամներին։

Մեր աղբյուրների փոխանցմամբ, ՔՊ-ական որոշ պատգամավորներ և պաշտոնյաներ ընդդիմացել են այս հրահանգին և  ասել, որ այս պահին, երբ առաջնագծում մարտեր են ընթանում, մեր զինվորներն են զոհվում,  նպատակահարմար չեն գտնում պառակտման նման ալիք սկսել, ինչին ի պատասխան ՔՊ վերնախավից ասել են, որ «այդքան պարգևավճարներ էիք ստանում, հիմա պետք է դրա դիմաց ինչ-որ բան անել»։

Ըստ մեր աղբյուրի, հրահանգը շատ չոր է և բոլորին շատ խիստ հանձնարարված է սկսել մեղավորների փնտրտուքը և սլաքներն ուղղել դեպի այդ հորինված մեղավորները։