Թուրքիան Սիրիայից վարձկաններ է հավաքագրել Հայաստանի դեմ պատերազմելու համար. The Jerusalem Post

Կան ապացույցներ
պատերազմ

Այս շաբաթ ապացույցներ են ի հայտ եկել առ այն, որ Թուրքիան հայ-ադրբեջանական հակամարտության ընթացքում նախատեսել է օգտագործել սիրիացիներին, որոնցից շատերը Սիրիայի ռեժիմի դեմ կռվող աղքատ փախստականներ են: Անկարան պնդում է, որ Բաքվի մտերիմ դաշնակիցն է, սակայն ցանկանում է սիրիացիներին տեղակայել Ադրբեջանում, ինչպես դա արեց Լիբիայում և Սիրիայի գրավված Աֆրին քաղաքում, ցանկանում է օգտագործել նրանց՝ Անկարայի ազդեցությունն մեծացնելու և տեղական իշխանություններին թուլացնելու համար, ըստ tert.am-ի՝ ասվում է The Jerusalem Post պարբերականի հոդվածում:

Նշված ապացույցները, ներառյալ բազմաթիվ հարցազրույցները, որոնք սիրիացիները տվել են միջազգային լրատվամիջոցներին, նաև խմբագրություն ուղարկված ձայնագրություն, բավականին շատ հարցեր են առաջացնում: Վարձկանները միգուցե հավաքագրվել են շաբաթներ առաջ, սակայն պարզ չէ՝ ուղարկվել են, թե ոչ: Համենյան դեպս, համացանցի օգտատերերը պնդում են, որ պարզել են նրանց տեղակայման վայրը, մյուսները պնդում են, որ մի քանիսը սպանվել են: 

Ինչպե՞ս է այս ամենը սկսվել:

Վերջին տարիներին Անկարան ձգտում էր Սիրիայի ազատ բանակի զինվորներին ներգրավվել և դարձնել թրքամետ, որպեսզի նրանք քրդերի դեմ պատերազմեն Սիրայում: Այժմ Անկարան, օգտվելով ներգրավված վարձկանների վիճակից, որոնք տեղ չունեն գնալու և սուտ խոստումներ են ստացել, ցանկացել է նրանց ուղարկել Կովկաս: Ներկայացվող ապացույցները, ներառյալ տղամարդկանց ուղարկած ձայնագրությունները, մատնանշում են, որ նրանք մոբիլիզացվել են: Ադրբեջանը, իր հերթին, հայտարարում է, որ Հայաստանն ունի «ներկրված վարձկաններ»: Թուրքիան պնդում է, որ հայերին աջակցում է Քրդստանի աշխատավորական կուսակցությունը, որը, Թուրքիայի կարծիքով, կապված է քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների» հետ: Այսպիսով, Թուրքիայի ծայրահեղ աջակողմյան մամուլը և իշխող կուսակցությունը պնդում են, որ դա ճիշտ որոշում էր սիրացիներին ուղարկել կռվել քրդական ջոկատների դեմ Հայաստանում՝ սիրիական պատերազմը տեղափոխելով այլ երկիր: Սակայն ՔԱԿ-ի՝ Հայաստանում ներգրավված լինելու վերաբերյալ ոչ մի ապացույց գոյություն չունի:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Երեկվա դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի 17 ուղղաթիռ, 20 ինքնաթիռ (4-ը Սու–25), 113 անօդաչու թռչող սարք, 250 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 2 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ: Հակառակորդն ունի ավելի քան 3000 զոհ, հազարավոր վիրավորներ։

Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 158 զոհ և 200-ից ավելի վիրավոր։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում՝ 11 մարդ։ Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն: