Ուկրաինան Ադրբեջանին ռազմական օգնություն չի տրամադրի. Արսեն Ավակովը հերքել է ադրբեջանամետ պատգամավորին

Ավակովի գրառմանը նախորդել էր Գերագույն ռադայի պատգամավոր Լյուդմիլա Մարչենկոյի հայտարարությունն առ այն, որ Ուկրաինան պատրաստ է  ԼՂ հակամարտության սրման ֆոնին ռազմական և մարդասիրական օգնություն ցուցաբերել Բաքվին

Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը, իր պաշտոնական թվիթերյան միկրոբլոգում անդրադառնալով ԼՂ հակամարտության սրմանը, հայտարարել է, որ Ուկրաինան հակամարտության կողմերից որևէ մեկին ռազմական օգնություն չի տրամադրի:

«Ուկրաինան ռազմական օգնություն չի տրամադրի հայ-ադրբեջանական հակամարտության կողմերից և ոչ մեկին: Իսկ այ բուժօգնություն, մասնավորապես՝ դեղահաբեր, չափազանց վառ երևակայության տեր պատգամավորների համար պետք է ամբողջ երկրով փնտրենք»,-գրել է նախարարը:

Հիշեցնենք, որ Ավակովի գրառմանը նախորդել էր Գերագույն ռադայի պատգամավոր Լյուդմիլա Մարչենկոյի հայտարարությունն առ այն, որ Ուկրաինան պատրաստ է  ԼՂ հակամարտության սրման ֆոնին ռազմական և մարդասիրական օգնություն ցուցաբերել Բաքվին:

«Ժողովրդի ծառա» իշխանական կուսակցության անդամը նշել էր, որ եթե հարցը սուր դրվի, ապա Կիևն անտարբեր չի անցնի դրա կողքով: Նրա խոսքով՝ իշխանություններն արդեն աջակցություն են տրամադրում Բաքվին իրավական դաշտում և ռեսուրսների ոլորտում՝ պատրաստելով մարդասիրական օգնություն:

«Ուկրաինան այսօր պատրաստ է տարբեր հարթակներում աջակցել Ադրբեջանին: Խոսքը և՛ ռազմական, և՛ մարդասիրական օգնության մասին է»,-հեռուստատեսությամբ հայտարարել է Մարչենկոն: