Նիկո՛լ, սա թշնամու ուղերձն է ուղղված մեզ, որ իր թիրախը ոչ միայն Արցախն է, այլև ողջ Հայաստանը

Ես ակնկալում եմ, որ Դուք և Ձեր կառավարությունը իսկապես լրջորեն եք գնահատում ստեղծված իրավիճակը

Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Նիկո՛լ, ՀՀ Կոտայքի մարզի օդային սահմաններում հակառակորդի անօդաչու թռչող սարքի հայտնվելը պետք է սթափեցնի բոլորիս՝ մղելով կայացնել հավասարակշռված ու կշռադատված ռազմաքաղաքական որոշումներ՝ մեր հայրենիքի անվտանգությունն ապահովելու համար:

Սա ոչ էքսպերիմենտ է, ո՛չ էլ ռազմական խաղ: Սա թշնամու ուղերձն է ուղղված մեզ, որ իր թիրախը ոչ միայն Արցախն է, այլև ողջ Հայաստանը:

Սա ուղղակի հարձակում է Հայաստանի Հանրապետության դեմ, և սա պատերազմ է:

Ես ակնկալում եմ, որ Դուք և Ձեր կառավարությունը իսկապես լրջորեն եք գնահատում ստեղծված իրավիճակը:

Այս ամենը կարող է դուրս գալ հսկողությունից, ու մեր երկիրը վերածվի համաշխարհային գլոբալ խաղացողների միջև ընթացող գլոբալ պայքարի թատերաբեմի:

Կարծում եմ՝ ճիշտ ժամանակն է, որ Հայաստանն ակնկալի միջազգային պայմանագրերով ստանձնած իր գործընկեր պետությունների կողմից գործողությունների իրագործմանը՝ ուղղված մեր երկրի անվտանգությանը, կայունությանը, տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը սպառնացող զինված հարձակումը կանխելու համար:

Ժամանակն է, որ Դուք գործի դնեք ՀՀ կողմից ստորագրած ու վավերացրած պայմանագրերի նորմերը:

Ճիշտ կլինի նաև, որ Դուք տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներն առավել մանրամասն ներկայացնեք աշխարհաքաղաքական բոլոր կենտրոններին՝ փորձելով միջազգային խոշոր խաղացողների մոտ ձևավորել հնարավորինս մոտ դիրքորոշում, որն ուղղված կլինի ընդդեմ Թուրքիայի, ընդդեմ ահաբեկչության, ընդդեմ ռազմական ագրեսիայի և ընդդեմ բռնության:

Մենք շատ ժամանակ չունենք, քանի որ զոհասեղանին մեր հայրենիքի ապագան է դրված ու մենք պարտավոր ենք հաղթել այս պատերազմում.